Логотип

«Տաշիրի» կառավարման ժամանակահատվածում ՀԷՑ-ի ակտիվներն աճել են մոտ 191 մլրդ դրամով․ ՀԷՑ վերահսկողական կոմիտե

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից կառավարման ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ակտիվները աճել են մոտ 191 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը՝ մոտ 105 մլրդ դրամով, հայտնել է ՀԷՑ-ի վերահսկողական կոմիտեն։

Ավելի վաղ Factor.am-ը հրապարակել էր նյութ, որում մասնավորապես, պնդվում էր, որ ՀԷՑ-ի պարտքը գրեթե կրկնապատկվել է 2015-2024 թվականների ընթացքում։

Կոմիտեն մանրամասնել է, որ ընկերության ընդհանուր ակտիվները 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 146,6 մլրդ դրամ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 337,9 մլրդ դրամ։ Ընդհանուր սեփական կապիտալը նույն ժամանակահատվածում աճել է 31,5 մլրդ դրամից մինչև 136,9 մլրդ դրամ։

Նշվում է, որ 2016–2025 թվականներին ընկերությունն իրականացրել է շուրջ 270 մլրդ դրամի ներդրումներ։ «Տրամաբանական է, որ այդ ընթացքում պարտավորությունները աճել են մոտ 85 մլրդ դրամով, հատկապես եթե նկատի ունենանք, որ նույն ժամանակահատվածում ակտիվներն ու սեփական կապիտալը միասին ավելացել են շուրջ 300 մլրդ դրամով»,- շեշտել են կոմիտեից։

Այս բոլոր ցուցանիշները, նշել են կոմիտեից, հասանելի են ընկերության միջազգային աուդիտորական կազմակերպությունների կողմից հաստատված հաշվետվություններում:

Վերահսկողական կոմիտեն նաև հերքել է հրապարակման մեջ արված այն հայտարարությունը, որ ՀԷՑ-ն անցել է «Տաշիր» ընկերությունների խմբին 2009 թ.-ին, որը չի համապատասխանում իրականությանը:

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։ ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։

Armenia Today