Логотип

«Տաշիր կապիտալ» ընկերությունն ընդդեմ ՀԾԿՀ-ի. դատական առաջին նիստի մանրամասները

ՀՀ վարչական դատարանում սկսվել է «Տաշիր կապիտալ» ընկերության հայցի քննությունը, որով ընկերությունը վիճարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը:

Ընկերության փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումները` լիցենզիան հետ կանչելու և ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու մասին, ընդունվել են առանց համապատասխան փաստական հիմքերի և գործի հանգամանքների սխալ մեկնաբանմամբ:

Նրա խոսքով՝ այդ որոշումները քաղաքականապես մոտիվացված բնույթ են կրել և ընդունվել են 2025 թվականի հունիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների ֆոնին։

Փաշինյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ եկել է ընկերության ազգայնացման կամ պետականացման ժամանակը, և դա պետք է տեղի ունենա շատ արագ։ Նա նաև նշել էր, որ հանձնարարել է ընկերության բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:

«Տաշիր կապիտալի» փաստաբանները միջնորդություն ներկայացրին, որ դատաքննության ընթացքում որպես 3–րդ կողմ ներգրավվեն ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Պատասխանող կողմի՝ ՀԾԿՀ ներկայացուցիչների խնդրանքով դատարանը սահմանափակեց նիստերի դահլիճում նկարահանումը: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլատրվեց նկարահանել բացառապես հայցվոր կողմին։

Դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի հունվարի 19–ին` ժամը 14։30–ին։

Sputnik Արմենիա