ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեղադրվում է մի քանի դպրոցների հողատարածքներ ապօրինի օտարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Թեպետ հաղորդագրության մեջ Երևանի նախկին քաղաքապետի անունը չի հստակեցվում, սակայն ավելի վաղ ՔԿ հրապարակած հաղորդագրություններում նշված տվյալների համադրմամբ պարզ է, որ խոսքը Տարոն Մարգարյանի մասին է։ Նույն գործով անցնում է նաև ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետը և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը, Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, թիվ 185 հանրակրթական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողատարածքից 1939 քմ մակերեսով հողամասն առանձնացրել են, բաժանել մի քանի գույքային միավորների և ձևական աճուրդների միջոցով օտարել իրենց հետ փոխկապակցված անձանց, որից հետո ձևական առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերի հիման վրա այդ հողատարածքները դարձրել իրենցը կամ իրենց մերձավորներինը՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության և համայնքի իրավունքներին և օրինական շահերին»,- հայտնում են ՔԿ-ից։
Այնուհետև փողերի լվացման եղանակով օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը:
Երևանի նախկին քաղաքապետը, մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, մեղադրվում է նաև թիվ 16 հատուկ դպրոցի, թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած հողատարածքից հողամասեր առանձնացնելու և ձևական աճուրդի միջոցով օտարելու համար։
Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացման, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման համար։
Քրեական հետապնդում է նախաձեռնված նաև ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի նկատմամբ։ Նրանց և ևս 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին։
Հինգ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը, երեքի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, երեքի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և գրավը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, բացակայելու արգելքը և գրավը։
Sputnik Արմենիա