Логотип

Տարոն ՍԻՄՈՆՅԱՆ․ ՄԱԿ-Ը ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇՄԱՄԲ ԴԵՄ Է ԳՆԱՑԵԼ ԻՐ ԻՍԿ ՊՐԱԿՏԻԿԱՅԻՆ

– Պարոն Սիմոնյան, անցած շաբաթ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական կարծիք է հրապարակել ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի եզրակացության վերաբերյալ՝ հիմնավորելով խմբի նախագահող Գաննա Յուդկիվսկայի ուղղակի կապը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ի հետ և, փաստորեն, ապացուցելով, որ խումբը կայացրել է կողմնակալ որոշում: Որպես միջազգային իրավունքի մասնագետ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:

– Ծանոթ լինելով և՛ ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի պրակտիկային, և՛ Ռուբեն Վարդանյանի կամայական ձերբակալման դեմ այդ նույն մարմնին ներկայացրած միջնորդությանը, կարող եմ ասել, որ առնվազն տարօրինակ էր այդ Աշխատանքային խմբի նման որոշումը, այդ թվում՝ իրավական հիմնավորվածության տեսանկյունից, քանի որ այդ որոշմամբ Աշխատանքային խումբը դեմ գնաց իր իսկ պրակտիկային։ Եվ դա միջազգային իրավունքով զբաղվող իրավաբաններիս համար որոշակի կասկածի տեղ էր տալիս։

Պարոն Օկամպոյի կողմից բացահայտված տեղեկատվությունը լուրջ պատճառահետևանքային կապ է ցույց տալիս նման որոշման և այդ որոշումը կայացնող անձանց անձնական շահագրգռվածության միջև։ Ուստի այստեղ անհրաժեշտ է մանրամասն իրավական հետաքննություն՝ պարզելու համար կոռուպցիոն սխեմաների և անձնական շահագրգռվածության առկայությունը, իսկ դրանից հետո նաև՝ պատասխանատվություն      

Միջազգային կազմակերպությունները ևս զերծ չեն կոռուպցիայի արատավոր պրակտիկայից։ Այդպիսի դեպքերի մենք ականատես ենք եղել Եվրոպական տարածքում, երբ ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» միջոցով գնվում էին եվրոպական պաշտոնյաներ, ովքեր եվրոպական հարթակներում հակահայկական դիրքավորում էին ստանձնում։ Ի դեպ նրանցից ոմանք մեղավոր են ճանաչվել կոռուպցիայի մեջ և արդեն կրում են իրենց պատիժը։

– Փաստաթղթի եզափակիչ մասում Օկամպոն նշում է, որ հնարավոր համարժեք միջոցը կլինի, որ WGAD-ն անվավեր ճանաչի իր որոշումը և խնդրի սկզբնական դիմողին ներկայացնել նոր միջնորդություն, որը կմշակվի նորից: Նա նաև ընդգծում է, որ «առանց լրացուցիչ խնդրանքի՝ WGAD-ը կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է կառավարվել այս գործը»: Ի՞նչ է սա նշանակում: Այս իրավիճակում ո՞վ, ո՞ր կառույցը և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի:

– Կարծում եմ՝ չպետք է բացել այս ուղղությամբ Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմի մարտավարության բոլոր խաղաքարտերը, բայց այն, որ հնարավոր է որոշակի գործողություններ կատարել, և ՄԱԿ-ը շրջանակներում առկա կառուցակարգերը դրանք թույլ են տալիս, արդեն ակնհայտ է։

Այն, որ ՄԱԿ-ն իր իսկ հեղինակության պահպանման համար պետք է ամեն ինչ անի նման կոռուպցիոն մեխանիզմներ բացահայտելու և վերացնելու համար, հենց միջազգային տվյալ կազմակերպության համար է առաջնահերթություն։ Այլապես մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները հեղինակազրկվում հենց նման միջադեպերի և չբացահայտված կոռուպցիոն սկանդալների պատճառով։ Եվ այս համատարած պրակտիկան խորանում է՝ ստեղծելով բացասական վերաբերմունք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների նկատմամբ։ 

– Հոկտեմբերի 15-ին ակցիա էր կազմակերպվել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առաջ, և իրավամբ նշվում էր, որ այս կազմակերպություն կառույցներից մեկը հեղինակազրկում է իրենց: Պահանջներ կային նաև ուղղված մեր երկրի ղեկավարությանը: Կա՞ն, ըստ Ձեզ, քայլեր, որն այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը կարող է ձեռնարկել:

– Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ իր դիվանագիտական գործիքակազմով պետք է ամեն օր, ամեն ժամ աշխատի միջազգային կազմակերպությունների և դրանց բոլոր կառույցների հետ՝ սեփական քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին, ադրբեջանական անօրինական կալանքից ազատ արձակելու ուղղությամբ։

Այդ ուղղությամբ պետության քաղաքականության անբավարարությունն է կամ բացակայությունը, որ ստիպում է մասնավոր անձանց իրենց հնարավորության շրջանակներում դիմել սեփական իրավունքների պաշտպանության մեխանիզմներին։

Ի տարբերություն պետության՝ մասնավոր անձանց հնարավորությունները չափազանց սահմանափակ են։ ՀՀ-ն է ՄԱԿ-ի անդամ, ոչ թե նրա առանձին քաղաքացիները։ Այդ ՀՀ-ը պետք է ամբողջ օրը թակի ՄԱԿ-ի բոլոր դռները, գտնի, խոսի, համոզի ՄԱԿ-ի բոլոր հասցեատեր մարմինների անդամներին, ցույց տա ադրբեջանական վայրագությունները, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումները, Բաքվի կաշառքով գնվող պաշտոնյաների հանցագործությունները։

Մինչդեռ մենք հակառակն ենք տեսնում և անգամ երբեմն ականատես ենք լինում Բաքվի հանցագործների հետ ջերմ շփումների ու Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու պատրաստակամության։ Ի դեպ, այս կերպ Հայաստանի Հանրապետությունն ուղղակիորեն խախտում է այն բոլոր հայերի իրավունքները, ում պաշտպանությանն համար նախաձեռնվել էին այս իրավական գործընթացները։

News.am