Գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց՝ թեպետ Քրեական դատավարության օրենսգիրքը գրավոր ընթացակարգով քննության հնարավորություն տալիս է, սակայն անհասկանալի է, թե ինչու է հիմա նման որոշում կայացվել։
«Այսինքն՝ արդյոք սա այն հարցն է, որ կարող է գրավոր ընթացակարգով քննվել, և ի վերջո մենք՝ որպես պաշտպաններ, այսկերպ զրկված ենք մեր հիմնավորումները լսելի դարձնելու հնարավորությունից»,- նշեց Վարդևանյանը։
Նշենք, որ Կարապետյանը շուրջ 80 օր է՝ կալանավորված է։ Վարդևանյանն այսօր առավոտյան սոցցանցում գրառում է արել` հիշեցնելով հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ…»:
«Այս արտահայտությունն ակնհայտ էր, որ ուղղված էր կոնկրետ անձի դեմ, և այդ արտահայտությունից ժամեր անց գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ակնհայտ ապօրինի կերպով կալանավորվեց և մինչ օրս կալանավորված է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդևանյանը։
Նա առաջարկում է մասնագիտական հանրույթի ցանկացած ներկայացուցչի հարցնել, թե արդյոք «մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» արտահայտությունը կարող է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել կամ անձի կալանքի պայմանը բավարարել։ Պնդում է, որ պատասխանը միանշանակ բացասական է, ըստ այդմ՝ քրեական վարույթն ու կալանքն օրինական չեն, իսկ քրեական օրենսգրքի հատուկ մասի որևէ հոդվածի հետ որևէ առնչություն չկա։ Շեշտում է՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումն անվիճելի է։
Հավելենք, որ Սամվել Կարապետյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին:
«Անելու ենք «Մեր ձևով»,– եզրափակել է իր խոսքը նա։