Логотип

Տեր Ավետիք․ Արման Սարոյանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ

Սյունիքի թեմի քահանա Տեր Ավետիք Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արման Սարոյանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։

«Արման Սարօեանը չի կարող հանդէս գալ որպէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։

Օրերս փոփոխութիւններ են կատարուել ՀՀ վարչապետի աթոռը զաւթածի 2018թ․ «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական յանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» որոշման մէջ։ Ըստ այդմ՝ յանձնաժողովում որպէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Ռուբէն Վրդ. Զարգարեանին փոխարինել է Արման Սարօեանը (նախկին Գէորգ եպիսկոպոս)։

Պարզ է, որ յիշյալ որոշումը գործող իշխանութիւնների կողմից իրականացուող հերթական ակնյայտ հակաեկեղեցական քայլն է։

Ակնյայտ է նաև, որ կարգալոյծ Արման Սարօեանը չի կարող հանդէս գալ որպէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ տուեալ յանձնաժողովում, առաւել ևս ներկայացուել իր նախկին հանգամանքի մէջ։ Պետական կամ որևէ այլ կառույցում Եկեղեցու անունից կարող է ներկայացուած լինել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պաշտօնապէս լիազորուած անձը։

Աւելին, յանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշման մէջ հստակ ամրագրուած էր «(համաձայնութեամբ)» եզրույթը, ինչը ինստիտուցիոնալ առումով ապահովում էր, որ յանձնաժողովում Եկեղեցու ներկայացուցչի թեկնածութիւնը պարտադիր համաձայնեցուում է Մայր Աթոռի հետ։ Սոյն փոփոխութեամբ այդ պահանջը միտումնաւոր հեռացուել է, ինչը նշանակում է, որ փորձ է արուում իւրացնել Եկեղեցու՝ իր իսկ ներկայացուցչին որոշելու օրինական իրաւունքը։

Հարկ է ընդգծել, որ յանձնախմբում Հայ Եկեղեցին ներկայացուած է ի դէմս քրէակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի, ով քաջատեղեակ է ոլորտի խնդիրներին և նրբութիւններին։ Արման Սարօեանի նշանակումը հակասում է նաև այս տրամաբանութեանը՝ խախտելով ձևաւորուած ինստիտուցիոնալ մօտեցումը։

Այսպիսով, ականատեսն ենք կամայական և հակականոնական գործընթացի, երբ իշխանութիւնը՝ ի դէմս ՀՀ Վարչապետի աթոռը զաւթածի, ինքնակամ որոշում է, թէ ով պէտք է ներկայացնի Մայր Աթոռը, և նշանակումներ է անում Եկեղեցու անունից։ Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցի-պետութիւն հարաբերութիւնների իրաւական, բարոյական ու արժեհամակարգային հիմքերի համակարգային քայքայում»,-գրել է Տեր Ավետիքը։

Aysor.am