Логотип

Տեր Արամը ենթադրաբար «սևագիր» է տվել իրավապահներին թեմում կաթողիկոսի քրոջ որդու և մյուսների դերակատարման մասին

Թեև Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանն ուղիղ ցուցմունքներ չի գրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի առնչությամբ, սակայն ենթադրաբար «սևագիր» է տվել թեմում կաթողիկոսի քրոջ որդու և մյուսների դերակատարման մասին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ Տեր Արամի ձեռքով չեզոքացնելով և գլխատելով Արագածոտնի թեմին՝ ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը մյուս շաբաթ կգնա Օշական` մասնակցելու նրա պատարագին:

Հոգևորականն արդեն հաստատել է, որ ինքն է վարչապետին հրավիրել պատարագի, որ հետո տեղի բնակիչները Փաշինյանին գյուղի վերաբերյալ հարցեր տալու հնարավորություն ունենան։

Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքն սկսվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ իրեն լռեցնելու մասին գրառումներից հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել նրա և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Մինչդեռ Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել հարցազրույցում նրա հնչեցրած հայտարարությունները։

Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռից հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Ավելի ուշ Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ բերման է ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը և 12 հոգևորական։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կատարվում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Քրվարույթը հարուցվել էր Տեր Արամի՝ 2021-ին «ընդդիմության ցույցերին ստիպողաբար և հրահանգով մասնակցելու» վերաբերյալ հայտարարությունների հիման վրա, որի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։

Armenia Today