Логотип

Տեր Գրիգոր․ Աղանդների մուտքը ՔԿՀ-ներ թույլ են տալիս, Հայ Առաքելական Եկեղեցու առջև դուռը փակել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, որն արդեն 15 տարի է՝ այցելում է ազատազրկվածներին, NEWS.am–ի հետ զրույցում անդրադարձել է տարածված լուրերին այն մասին, որ իրեն առանց որևէ հիմնավոր պարզաբանման արգելել են մուտք գործել ՔՀԿ–ներ։

«Մոտ մեկ ամիս առաջ ինձ զանգահարեց Քրեակատարողական ծառայության հոգևոր առաջնորդ Հայր Իսահակը և ասաց, որ ՔԿԾ վարչության պետի տեղակալը զանգահարել է իրեն, ասել՝ տեր Գրիգորն այլևս չի կարող քրեակատարողական հիմնարկներ գնալ, որովհետև քաղաքականությունից է խոսում։ Փորձում ենք ճշտել՝ ի՞նչ հիմնավորմամբ, ո՞րտեղ եմ քաղաքականության մասին խոսում՝ ՔԿՀ–ներում, թե՞ հանրային խոսույթի մեջ։ Արդեն մեկ ամիս է՝ Հայր Իսահակը չի կարողանում կապի դուրս գալ նրանց հետ։ Եկեղեցին միշտ է խոսել հայրենիքի, ազգի, մեր ճակատագրի, արդարության, ազնվության, մարդասիրության մասին։ Եթե սա քաղաքականություն է, ապա ամբողջ ավետարանը քաղաքականությունից է խոսում։ Եթե այս ամենի մասին խոսելը քաղաքականություն է, ապա՝ այո՛, ես քաղաքականությունից եմ խոսում, և եկեղեցին ընդհանրապես պիտի քաղաքականությունից խոսի, որովհետև եկեղեցին մտահոգ է ազգի, երկրի, ժողովրդի ճակատագրով»,–նշեց Տեր Գրիգորը։

Տեր Գրիգորի խոսքով, իրեն նախ արգելել են «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք գործել, ապա շրջաբերական են իջեցրել, որով արգելել են նրան ընդհանրապես որևէ քրեակատարողական հիմնարկ մուտք գործել։

«Դժվարանում եմ ասել, նպատակն ինչն է, բայց կարող եմ ենթադրել․ աղոթքը, եկեղեցու գործունեությունը, մարդկանց հոգևոր առաջնորդությունը խաթարել, ինչպես բանակում խաթարվեց։ ՔԿՀ–ներում մարդիկ կան, ովքեր պահք են պահել, ծոմ են պահել, պիտի հաղորդություն ստանային, սպասում էին պատարագին, ամեն ինչը խաթարվեց։ Մարդիկ անհանգիստ վիճակի մեջ են, ասում են՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք, մեզ ո՞վ պիտի հաղորդություն տա։ Մարդկանց զրկել են իրենց հոգևոր կյանքն ապրելու հնարավորությունից։ Կարծում եմ՝ սա մարդու իրավունքների խախտում է։ Որևէ աղանդ զրկված չէ քրեակատարողական հիմնարկ այցելելուց։ Եթե որևէ դատապարտյալ դիմի և ասի, որ որևէ աղանդին է պատկանում, իրեն պետք է այցելեն, թույլ են տալիս։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցու առաջ փակել են դուռը»,–հավելեց Տեր Գրիգորը։

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը նշեց, որ քահանաները քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն իրականացնելու համար պետությունից գումար չեն ստացել, ամեն ինչ իրականացրել են սեփական միջոցներով։

Նշեմ, որ ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Քրեակատարողական ծառայության հոգևոր առաջնորդ Հայր Իսահակին տևական ժամանակ թույլ չեն տալիս մտնել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ Արգավանդի եկեղեցու հոգևոր հորը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում է ցմահ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ առանց բացատրության: