Հովհաննավանքի հարցը լուծելու այլ ուղիներն անընդունելի են, կարող են բախումներ լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ – խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» է մատուցել։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։ Ավելին, ազդարարվեց նաև, որ նոյեմբերի 2-ին ևս Ստեփան Աստարյանը «պատարագ է» մատուցելու։
«Հովհաննավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայր աթոռին։ Հստակ է, որ այնտեղ այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը։ Նրանց այնտեղ մուտք գործելն ու հոգևոր արարողություններ իրականացնելը ամբողջությամբ խաթարված է։ Բնականաբար, այս երևույթը մտահոգիչ է բոլորիս համար, ու ժողովրդավարության սահմաններից, օրինականությունից, առողջ բանականությունից դուրս է»,- նշեց Տեր Եսային։
Նա հիշեցրեց, որ Մայր աթոռի անունից փաստաբանները դիմել են ոստիկանություն՝ կանխելու ապօրինի ներխուժումը։ Տեր Եսային ընդգծեց, որ իրավապահ համակարգն այս ամենում մեղմ ասած հապաղում է կամ անգործության է մատնված։ Շեշտեց՝ նման իրավիճակները լուծվում են միայն օրինականության և իրավական ճանապարհներով։ Քահանան նշեց, որ դեռ պետք է հասկանալ, թե որքանով իրավապահ համակարգը նախաձեռնություն կդրսևորի և օրենքի սահմաններում կկատարի իր պարտականությունները։
«Այս պահին մենք ունենք այդ մտահոգությունը, որ կա այդ հապաղումը, բայց դա է կարևոր և հիմնական ճանապարհը։ Հովհաննավանքի զավթելու մասին էլ փաստաբանը հաղորդում ներկայացրել է, որոհվետև խախտվում է մյուս հոգևորականների գործունեությունը։ Մյուս ճանապարհները, հարցը լուծելու այլ ուղիները մեզ համար անընդունելի են, օրինակ, որ կարող են ինչ-որ խմբով գնալ Հովհաննավանք, իրեն դուրս վռնդել այնտեղից։ Սա բախումների կարող է տանել։ Այս առումով մենք ձեռնպահ ենք՝ հավատքով և հույսով, որ իրավապահներն իրենց գործը կանեն»,- նշեց տեր Եսայի քահանա Արթենյանը։
Անդրադառնալով կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ տեր Արամ – խմբ․) այն հայտարարությանը, թե ինքը կարող է ամուսնություն կամ մկրտություն անել ու հետո էլ վկայական տալ, ինչպես նաև իր կատարած ծեսերը կհամարվեն օրինական, նշեց.
«Այդ անձը տարածում է կեղծիքը կեղծիքի հետևից։ Ամեն օր մի նոր կեղծիք է, նախորդ օրվա ասածն է հերքում, նոր ձևակերպում տալիս իր խոսքերին։ Ինչ վերաբերում է մկրտության և պսակադրության վկայականներին, ապա ինքը չի կարող դա անել, նա դա շատ լավ գիտի։ Սկզբում փորձեց մարդկանց խաբել, հետո հասկացավ, որ այդ կեղծիքը երկար կյանք չունի, որովհետև հասկացավ, որ ինքը կնիք, իրավասություն չունի ու որևէ կերպ չի կարող օրինական վկայական տալ։ Թղթի վրա կարող է ինչ-որ բան գրել ու տալ, բայց դա օրենքի ուժ չի ունենա։ Եթե անձը կարգալույծ արված հոգևորականի ձեռամբ մկրտվում կամ պսակադրվում է, ապա այդ մկրտությունը մկրտություն չէ, պսակադրությունն էլ պսակադրություն չէ։ Եթե անձը ցանկանա այլ եկեղեցում պսակադրվել, ապա նրան կրկին պետք է մկրտեն, որովհետև այդ ծեսն անվավեր է»,- ասաց տեր Եսային։
Sputnik Արմենիա

 
															 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            