«Հայաստանի Հանրապետությունում գործող այդ վանքերի և եկեղեցիների նպատակային ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ վտանգված է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Տեր Զարեհ Աշուրյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայոց Ցեղասպանության հետևանքով շատ վանքեր ու եկեղեցիներ ոչնչացվեցին և որոշները օտարվեցին, խորհրդային Հայաստանում մի քանի գործող եկեղեցիներ էին մնացել, իսկ մյուսները կա՜մ հիմնահատակ քանդվեցին, կա՜մ օտարվելով պահեստների վերածվեցին, Արցախում շուրջ 161 վանք ու եկեղեցիներ մնացին թշնամու վերահսկողության ներքո, որոնց մի մասն արդեն ավերվել են, այսօր Հայաստանի Հանրապետությունում մնացած վանքերի ու եկեղեցիների մի մասը դեռ խորհդային ժամանակների իներցիայի ուժով շարունակում են մնալ կառավարության հաշվեկշիռում»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր հետևյալը. «Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են կառավարության հաշվեկշռում։ Մի շատ եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայ Առաքելական եկեղեցուն։ Կարծում եմ՝ որտեղ հոգևոր կյանք չկա, կան ինտրիգներ, խարդավանքներ, ֆեյքերեցների խմբեր են գործում, կան բոլոր իրավական և բարոյական հիմքերը այդ հուշարձանները հանրությանը վերադարձնելու համար և Տեր Արամին և նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ Հայաստանում նրանք վերականգնեն իրական հոգևոր կյանքը»։
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Կարգալույծ եկեղեցականն այդուհետ դասվում է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:
News.am