Մասյացոտնի թեմի քահանա Տեր Հովսեփին առաջարկել են միանալ թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, նա մերժել է։
«Ինձ առաջարկություն է եղել, խոսել ենք, ես մերժել եմ առաջարկությունն ու հանդիպումն այդքանով ավարտվել է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տեր Հովսեփը, ով հոգևոր ծառայություն է իրականացնում Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Նա նշեց, որ իրեն հանդիպել է համայնքապետարան աշխատակից։
Տեր Հովսեփի փոխանցմամբ, լսել է՝ մյուս քահանաներին նույնպես եղել են նման առաջարկներ։
«Եկեղեցու կարգը մեզ համար օրենք է՝ և բարոյական, և եկեղեցու կողմից հաստատված։ Մենք պարտավոր ենք հետևել եկեղեցու կարգ ու կանոնին»,- ասաց Տեր Հովսեփը։
Մասյացոտնի թեմը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ, փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։
«Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք, մասնավորապես համայնքապետարանի աշխատակիցներ, վկայակոչելով դատարանի որոշում, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։
Տեղեկացնում ենք, որ հիշյալ հորդորներին, առաջարկներին կամ ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել»,- նշված է թեմի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
