Логотип

Տեր Վրթանես․ Հայհոյում ու Մայր տաճարի դռանն էին խփում. այդ պահին սիրտս ոնց որ պայթեր

Ես ինձ շատ լավ եմ զգում, փառք Տիրոջը, կազդուրման փուլում եմ, երկու ստենտ են դրել, սուր ինֆարկտ է եղել մոտս։ Հիմա շատ լավ եմ, երկու օրից երևի պալատում կլինեմ, եթե Աստված հաջողի 5-6 օրից էլ նաև ծառայության մեջ կլինեմ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Նա ներկայացրեց, թե ինչից սկսվեց այդ ամենը. «Փողոցային հայհոյանքներով, հայհոյալից ձեռքի շարժումներով փորձում էին մուտք գործել Մայր տաճար, մենք էլ փորձում էինք թույլ չտալ։ Վերջում իրենք հասան մինչև Մայր տաճարի դուռը, դռանն էին խփում, հայհոյում էին։ Այդ պահին սիրտս ոնց որ պայթեր իրենց այդ լկտի վիճակից։ Բայց փառք Աստծո, մերոնք դուռը բացեցին, մեր հավատացյալ ժողովուրդն ավելի շատ էր, իրենց հրեց, դուրս հանեց, չթողեց Մայր տաճար մուտք գործել։

Շատ ապրեն ոստիկանները, մի պահ շատ վատ էի, մի ոստիկան ինձ մի կողմ տարավ, լրագրողներից մեկը շտապօգնություն զանգեց։ Տեր հայրերը արագ հավաքվեցին, տարան հիվանդանոց։

Ստենտավորել են սիրտս, Էջմիածնի «Մաստերմեդ» հիվանդանոցում եմ, շատ հոգատար են իմ նկատմամբ թե բժիշկները, թե մաքրուհիները, ամբողջ անձնակազմը գործել է բարձր պրոֆեսիոնալիզմով։

Հիմա ես կարծես 5 օրով արձակուրդ եմ գնացել։ Արձակուրդս կավարտվի, կմիանամ ձեզ։ Դուք էլ ամուր եղեք, Մայր աթոռի ու վեհափառ հայրապետի կողքին եղեք»։

Հիշեցնենք, որ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ լարված իրավիճակ էր, վատացել էր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց և սիրտը ստենտավորել են։