Логотип

Տեր Վրթանես․ Ստեփան Ասատրյանը հակաեկեղեցական ուժերի ձեռքին դարձել է գործիք

Ցավում եմ, որ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը հակաեկեղեցական ուժերի ձեռքին դարձել է գործիք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղումյանը։

Նա վստահեցրեց, որ մինչև կարգալույծ լինելը Ստեփան Ասատրյանը եղել է սիրված քահանա, բոլորը նրա նկատմամբ եղբայրական վերաբերմունք են ունեցել և հիմա զարմանում են , թե ինչու է նա այդքան չարությամբ ու ատելությամբ լցվել եկեղեցու նկատմամբ։

«Մկրտիչ սրբազանը հոգատար ու բարի վերաբերմունք է ունեցել Արագածոտնի թեմի նախկին քահանա Ստեփան Ասատրյանի ու Տեր Թադեի նկատմամբ։ Ստեփան Ասատրյանի ու Տեր Թադեի խնդիրն իրենց երախտամոռությունն է։ Բայց հավանաբար իշխանությունները տարբեր կոմպրոմատներ ունեն Ստեփան Ասատրյանի դեմ, դրա համար կարողանում են նրան պարտադրել տարբեր տեսակակի զրպարտություններ անել եկեղեցու, վեհափառ հայրապետի ու քահաննների դեմ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքին, քահանան ասաց, որ իրավապահ մարմինները կալանավորել են նրան նախքան մտածելը, թե ինչում կարող են մեղադրել։

«Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնարարականը հավանաբար եղել է ամեն գնով սրբազան հորը կալանավորել։ Հիմա իրենք տարբեր թեմաների շուրջ հարցաքննություններ են անում և մտածում են, թե ինչ գործով կարելի է դատապարտել սրբազան հորը կամ երկարացնել նրա կալանքը»,- ասաց քահանա Բաղումյանը։

Նա վստահեցրեց, որ որևէ հիմնավոր պատճառ իրավապաները չունեն ու հավելեց, որ սրբազան հայրը իր ծառայությունը բերել է բարեխիղճ կերպով։