Логотип

«ՏԺՎԺԻԿ»

Իբր քիչ էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգսերը, դեռ Թրամփն էլ նրան կանչեց Եգիպտոս՝ Գազայի խաղաղության մերձավորարևելյան գագաթնաժողովին։ Ինչո՞ւ կանչեց: Գազան՝ ուր, Փաշինյանը՝ ուր։

Շուտով պարզվեց, թե ինչու։ Որ իր ճառի ընթացքում մատնացույց անի Փաշինյանին և նույնպես հրավիրված Իլհամ Ալիևին ու ասի, «Այ, նրանք էլ են պատերազմել, բայց ես հաշտեցրել եմ մեկ ժամում, թեև հակամարտությունը ձգվել էր 32 տարի։ Հիմա նրանք ընկերներ են, լավ են իրար հետ»։

ԱՅՍԻՆՔՆ ԱԼԻԵՎԻՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԷՐ ՈՐՊԵՍ ԿԵՆԴԱՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ. թող բոլորը հասկանան, որ թեկուզ ոչ այս, բայց հաջորդ տարի ինքը՝ Դոնալդ Թրամփը, հաստատ կարժանանա Նոբելյան մրցանակի։ Պետք է ենթադրել, որ այժմ բոլոր միջոցառումներին, որտեղ խոսք է գնալու այս կամ այն կարգավորման մասին, Թրամփն իր հետ քարշ կտա Ալիևին ու Փաշինյանին՝ Կամբոջայի և Ալբանիայի լեգենդար առաջնորդներին…

Դե, իսկ Փաշինյանը, Փաշինյա՜նը…Նա իրեն չկորցրեց. համարձակ մոտեցավ Թրամփին, շնորհակալություն հայտնեց ամեն ինչի համար և մաղթեց Ամերիկայի նախագահին, որ Աստված պահպանի նրան: Ճիշտ է, մինչ այդ համենայնդեպս հիշեցրեց, որ ինքը՝ Փաշինյանը, Հայաստանի վարչապետն է։ Չէ, իհարկե ճիշտ արեց, որ հիշեցրեց, թե չէ ո՜վ գիտի… Թրամփը, կեցցե՛, հիշեց, թփթփացրեց Նիկոլի ուսին։

Ի դեպ, իր ֆեյսբուքյան էջում ամերիկյան նախագահին իր այդ համարձակ մոտեցումը Փաշինյանը սկզբում ներկայացրեց իբրև կարճ զրույց, բայց հետո որոշեց, որ այնուամենայնիվ ավելի համեստ է պետք լինել, և ջնջեց այդ գրառումը։

Ո՞ւր է հաջորդ անգամ Թրամփը քարշ տալու իր հետ Ալիևին ու Փաշինյանին։ Օրինակ, դա կարող է լինել արդեն Միջին Արևելքը, որտեղ Թրամփը կհաշտեցնի Պակիստանին Աֆղանստանի հետ, եթե իհարկե ԱՄՆ նախագահը ազատ ժամանակ ունենա։ Դե իսկ հաջորդ տարի Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը հաստատ կտանի ու իր կողքին կշարի։ Եթե, իհարկե, եղբայրացած Փաշինյանա ու Ալիևը մինչ այդ նորից վիճած չլինեն։

Քանզի վտանգ կա, որ գործընթացը կարող է ընթանալ արևմտահայ գրող Ատրպետի «Տժվժիկ» պատմվածքի սցենարով։ Հիշեցնենք, որ այդ պատմվածքում մեծահարուստ Նիկողոս-աղան աղքատ Ներսես-ախպարի ընտանիքի համար ոչխարի թոք է գնում (նույն այդ «տժվժիկացուն»)։ Բայց հետո այնքան հաճախ է ամեն տեղ ու ամենատարբեր մարդկանց միջավայրում հիշեցնում նրան այդ մասին, հարցուփորձ անում, թե համե՞ղ էր արդյոք ուտելիքը, և հատկապես ո՞նց են պատրաստել դա, որ ի վերջո Ներսեսը մսի նույնպիսի կտոր է նետում նրա երեսին, միայն թե պապանձվի վերջապես…

Այնպես որ Դոնալդ Թրամփը պետք է ավելի նրբանկատ լինի, թե չէ մեր Փաշինյանն անկանխատեսելի երևույթ է։ Մեկ էլ տեսար ձանձրացավ «խաղաղության» համար Թրամփին շնորհակալություն հայտնելուց, հիշեց, որ ինքը՝ Փաշինյանը, խրոխտ մարդ է, հենց միայն «մեր ձևով» ճշտման համար բանտ է նստեցնում…

Կորոշի հանկարծ վերադառնալ հայրենասիրության սխալ մոդելին, որը Հայաստանում սերմանել է ԽՍՀՄ-ը, և կշրխկացնի Թրամփի երեսին. «Ռա՛դ եղիր քո «խաղաղությամբ» ու «միջազգային խաղաղության ու բարգավաճման համար Թրամփի ճանապարհով», ես Ադրբեջանին արտատարածքային տարանցում չեմ տալու, և վե՛րջ»։

Այդ դեպքում Դոնալդը հաջորդ տարի էլ կարոտ կմնա Նոբելյան մրցանակին։