Логотип

Տիգրան Աբրահամյան․ Արսեն Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում

Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր` Արսեն Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են բանտում։ Այս մասին հայտնում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հոկտեմբերի 6-ին հայտնել էինք, որ ձերբակալել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին` Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին` ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է։

«Ճնշումն առաջին հերթին արտահայտվում է նրանով, որ նրան անազատության մեջ պահում են բազմաթիվ հիվանդությունների պայմաններում, ինչը, ըստ էության, կարելի է դիտարկել որպես խոշտանգում: Երկրորդ` նրան այցելելու հնարավորությունը խիստ սահմանափակ է, օրինակ` պատգամավորները տեսակցելու ու նրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու հնարավորություն չունեն»,– գրել է Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում:

Նրա խոսքով` 5 տարի մարդկանց «ֆռցրել» են, հարազատների հետ կապված որևէ տեղեկություն չեն տվել, մարդկանց պարզապես խելագարության են հասցրել, ու քննիչների, դատախազների, դատավորների, քաղաքական պատասխանատուների` բանտում հայտնվելու փոխարեն այնտեղ են հայտնվում արդարություն փնտրող քաղաքացիները:

Sputnik Արմենիա