Логотип

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԶԱՐԳԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՔ ՉԷ, ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԿԻՐ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի հատուկ բանագնացի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը որոշակիություն չունեցող իմիտացիոն պրոցեսի մասին է։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Թուրքիան չի շտապում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ՀՀ-ի հետ փոխշահավետ գործակցություն ապահովելու հարցում:

«Նույնիսկ այդքան քննարկված պայմանավորվածությունը` 3-րդ երկրների քաղաքացիների ու բեռնափոխադրումների համար սահմանը բացելու վերաբերյալ, 2 տարի է՝ որևէ արդյունքի չի բերում:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ թեև խոսվում է ՀՀ տարածքը ենթակառուցվածքային հանգույցի վերածելու մասին, սակայն նույն Թուրքիան, ակնհայտ ձգձգելով Գյումրի-Կարս երթուղու շահագործման վերականգման հնարավորությունների շուրջ համաձայնությունը, ռեգիոնալ բեռնափոխադրումների առումով նախընտրում է շրջանցել ՀՀ-ն` շարժը Կարս-Գյումրի-Երասխավան-Նախիջևան ուղղությամբ դիտարկելու փոխարեն նախընտրում է Կարս-Իգդիր-Նախիջևան նոր երթուղին, որի կառուցման մասին վերջերս հայտարարվեց:

Թուրքիային ու Ադրբեջանին ուժեղ և զարգացած Հայաստան պետք չէ, պետք է երկիր, որը կսպասարկի իրենց ռեգիոնալ շահերը և կունենա ընդամենը օգտագործվողի կարգավիճակ»,- նշել է պատգամավորը։

Aysor.am