Логотип

Տղամարդկություն ունեցեք, մի՛ շրջանցեք բարոյական կողմը․ Բագրատ սրբազանը՝ մեղադրողներին

«Սրբազան պայքարի» ամբողջ գործը գոյություն չունեցող մի բան է, որի հիմքում գրեթե 30 տոկոսով չլսվող գաղտնալսումներն են։ Այսօր դատական նիստերի դահլիճում այսպիսի հայտարարություն արեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Անդրադառնալով հրապարակված գաղտնալսումներին, որոնց սղագրություններում բազմաթիվ տեղերում գրված է «չի լսվում», սրբազանը կասկած հայտնեց՝ իսկ միգուցե լսվում է, բայց ինչ-որ մեկը կտրել, ջնջել, խմբագրե՞լ է։

«Հարց ունեմ մեղադրողներին․ դուք այս ամբողջ գործընթացի մեջ նենգափոխում, կեղծիք նկատե՞լ եք, թե՞ ոչ․ դեպքերի նենգափոխում, իրադարձությունների նենգափոխված ներկայացում, կեղծում, քարոզչական նպատակով դաշտ նետում, որ այդ ուղղությամբ գնա գործը։ Հանդիպե՞լ եք, թե՞ ոչ․․․ Տարբեր աստիճանի և մակարդակի վրա հնչել են խոսքեր, որ այս գործը որոշակի իմաստով կամ ծավալով կեղծված է, 6 ամիս շարունակ դուք, որևէ մեկը որևէ ձևով պատասխան չի տվել»,- ասաց սրբազանը։

Ընդգծեց՝ 2 անգամ ելույթ է ունեցել այս դահլիճում, հենց հաջորդ օրն իրեն կանչել են ՀՀ քննչական կոմիտե, նույն կերպ վարվել են մյուսների հետ։ Կարծում է՝ դա արվել է, որ քարոզչական նպատակով իրենց կողմից դաշտ նետված տարբերակն անփոփոխ մնա։

«Վերջին մեկ ու կես ամիսը, որ ինձ դատապարտել են հեռուստացույց նայել, ես Հ1-ով տեսնում եմ մարդկանց` հանցագործ մարդկանց, տարբեր երկրների գործակալների, որոնք հսկայական փողեր են ստանում և ինձ համարում են գործակալ, ահաբեկիչ, ինչ ասես… ու ոչ մի պատասխանատվություն։ Էլ չասեմ ստախոս քննչական կոմիտեի ղեկավարի զրպարտող արտահայտությունները, որոնք մինչև այսօր պատասխան չեն ստացել մեր կողմից բարձրացված հարցերին»,- նշեց Բագրատ սրբազանը։

Դրանից հետո Բագրատ սրբազանը դիմեց նաև հանրային մեղադրողներին՝ տղամարդկության կոչ անելով։

«Եթե իրավունքը, իրավական մասը շրջանցելու եք, բարոյական մասը, այո՛, ասելու եմ` տղամարդկություն ունեցեք, մի՛ շրջանցեք, իսկ եթե բարոյական մասն եք շրջանցելու, իրավական մասը մի՛ շրջանցեք։ Երկուսից մեկն ընտրեք»,- հայտարարեց Բագրատ սրբազանը՝ դիմելով մեղադրողներին։

Դատարանում հավաքվածները ծափահարեցին, իսկ հանրային մեղադրողները վրդովվեցին սրբազանի խոսքերից։

«Եթե ձեզ դուր չի գալիս տղամարդ լինել-չլինելու հանգամանքը, ուրեմն մի՛ եղեք»,- շարունակեց սրբազանը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ մեղադրանքի հիմքում դրված բոլոր փաստերը կեղծված են, և ինքն այս պահից սկսած հայտարարում է՝ որևէ մեղադրանք չի ընդունելու:

Sputnik Արմենիա