Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կալանքով։ Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։
Երևանի քրեական դատարանը հոկտեմբերի 23-ին Համբարձումյանի վերաբերյալ դատավճիռ էր կայացրել` դատապարտելով 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրել էր գրավը և որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Այսօր վերաքննիչ դատարանը քննում էր առաջին ատյանի կայացրած ակտի դեմ նրա պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Դատարանը մասնակի բավարարեց Համբարձումյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։
Դատարանի դահլիճում ներկաները ծափերով ողջունեցին որոշումը։
Տնային կալանքի պայմաններում Դավիթ Համբարձումյանին արգելված են տեսակցություններն ու այցերը` բացառությամբ ընտանիքի անդամների և պաշտպանների։
Գործի քննությունը կշարունակվի փետրվարի 5-ին՝ 14։00-ին։
Sputnik Արմենիա
