«Սրբազան պայքարի» գործով անցնող գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը (կալանքը) փոխվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց նրա պաշտպան Աննա Մանթաշյանը։
«Վերաքննիչ դատարանը նշանակել է տնային կալանք, 5 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք»,- նշեց Մանթաշյանը։
Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանը խափանման միջոցի կիրառման համար իրատեսական է համարել միայն խոչընդոտելու արգելքը՝ նշելով, որ այն որոշակիորեն առկա է, իսկ փախուստն ու նոր հանցանք կատարելու ռիսկը ոչ իրատեսական է համարել։
Պաշտպանը նաև նշեց, որ գնդապետ Մախսուդյանի առողջական վիճակը լավ չէ, ունի, մասնավորաբար, ողնաշարին առնչվող խնդիր, որն առկա էր նաև մինչև կալանքը, պետք է վիրահատություն կատարվեր, սակայն իրադարձություններն այլ կերպ դասավորվեցին։
Մեզ հետ զրույցում Մանթաշյանը նշեց, որ այսօր արդեն գրավը կվճարվի, և Միհրան Մախսուդյանը րոպե առաջ տուն կվերադառնա։
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին և Միհրան Մախսուդյանին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։