Логотип

ՏՆՏԵՍԱԳԵՏ․ ՄԻՆՉԵՎ 2040 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԵԼ 2,5 ՄԻԼԻՈՆԻՑ ՊԱԿԱՍ

Հայաստանը ամենակարճ ժամկետում պետք է միջոցներ ձեռնարկի ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ։ Հակառակ դեպքում, ընթացիկ տեմպերի պահպանման դեպքում, մինչև 2040 թվականը երկրի բնակչությունը կարող է կրճատվել մինչև 2,5 միլիոնից պակաս մարդ: Այս մասին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» համահայկական նախաձեռնության կազմակերպած սոցիալ-տնտեսական մարտահրավերների քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Պարսյանը նշեց, որ վերջին երկու-երեք տարում Հայաստանում բնակչության մեխանիկական աճ է գրանցվել օտարերկրացիների ռելոկացիայի և արցախցիների տեղահանման հաշվին: Սակայն այս երևույթը ժամանակավոր էր. ռելոկանտները գրեթե լքել են երկիրը, իսկ արցախցի 100 հազար վերաբնակիչներից մոտ 20 հազարը արդեն հեռացել են Հայաստանից։

Փորձագետի խոսքով՝ հարկադիր տեղահանվածների հեռանալու հիմնական պատճառները շարունակում են մնալ սոցիալ-տնտեսական դժվարությունները և անվտանգության անկայուն մակարդակը:

«Մարդիկ լքում են երկիրը, քանի որ չեն կարողանում իրենց համար արժանապատիվ կենսապայմաններ ապահովել, նաև իրենց ապահով չեն զգում։ Հայաստանի հիմնական ռեսուրսը մարդն է։ Սակայն մենք բախվում ենք ժողովրդագրական լուրջ մարտահրավերների՝ ծերացող բնակչություն, ծնելիության նվազում և բարձր միգրացիա»,-ընդգծեց Պարսյանը։

Տնտեսագետը նախազգուշացրեց, որ բնակչության կրճատումը ոչ միայն սոցիալական, այլև ռազմավարական մարտահրավեր է երկրի համար: Ժողովրդագրությունն ուղղակիորեն կապված է անվտանգության հարցերի հետ, հատկապես տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։

Նա նշեց, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար շատ կարևոր է մարդկային կապիտալը։ Ադրբեջանում, օրինակ, բնակչության թիվը հասել է 10 միլիոնի, Թուրքիան մոտենում է 100 միլիոնի սահմանագծին, Իրանը՝ ավելի քան 80 միլիոնի։

Պարսյանի կարծիքով՝ կառավարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի բնակչության պահպանմանը և տեղահանվածների ինտեգրմանը նպաստող պայմանների ստեղծումը: Դրա համար անհրաժեշտ են կայուն սոցիալ-տնտեսական ծրագրեր, հիմնային անվտանգության երաշխիքներ, ծնելիության խթանում։

Հիշեցնենք, որ Հայաստանում 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվել է 20 437 երեխա, ինչը 1384-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (21 821): Նույն ժամանակահատվածում մահացածների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 138-ով՝ հասնելով 17 210-ի:

Sputnik Արմենիա