Վերջին տարիների քաղաքական բարեփոխումները, այդ թվում՝ նոր Սահմանադրության նախագծում ամրագրվածները, վկայում են այն մասին, որ Ղազախստանը վերջնականապես հրաժարվում է կառավարման սուպերնախագահական ձևից։ Այս մասին կառավարության ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
«Նոր Սահմանադրության նախագծում ներառված նորմերն ամրագրում են Ղազախստանի քաղաքական համակարգի զարգացման հետևողականությունն ու տրամաբանությունը՝ հիմնված «ուժեղ նախագահ – ազդեցիկ խորհրդարան – հաշվետու կառավարություն» հայեցակարգի վրա։ Վերջին տարիների քաղաքական բարեփոխումների համայնապատկերային հայացքը թույլ է տալիս համոզվել, որ Ղազախստանը վերջնականապես հրաժարվում է կառավարման սուպերնախագահական ձևից և անցնում է նախագահական հանրապետության՝ հեղինակավոր ու ազդեցիկ խորհրդարանով», – ասել է նա։
Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները բնականոն կերպով շարունակում են այս գործընթացը և վերջին տարիների քաղաքական ձևափոխումների հետ մեկտեղ, ներառյալ 2022 թվականի սահմանադրական բարեփոխումը, հարց են բարձրացնում մեր պետության սահմանադրական հիմքերի լիակատար վերբեռնման անհրաժեշտության մասին։
«Ըստ էության, խոսքը պետության կառավարման նոր համակարգի ստեղծման մասին է։ Առաջարկվող նորամուծությունները թույլ կտան վերաբաշխել իշխանական լիազորությունները, ուժեղացնել հավասարակշռությունը զսպումների և հակակշիռների համակարգում և, որ ամենակարևորն է, բարձրացնել բոլոր քաղաքական ինստիտուտների արդյունավետությունն ու կայունությունը», – ասել է Տոկաևը։
Նա նշել է, որ նոր Սահմանադրության նախագծում «ոչ թե մարդը՝ պետության համար, այլ պետությունը՝ մարդու համար» սկզբունքն է ստացել ավելի շոշափելի ուրվագծեր։ «Սա այն է, ինչին մենք հետևողականորեն գնում ենք 2019 թվականից», – ասել է նախագահը։
News.am
