ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԱԺ նախագահին` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նրստում հնչեցրած իր խոսքերի սղագրությունները ստանալու համար, սակայն պատասխան չի ստացել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Տոնոյանը թերթին պատմել է, որ փորձել է օգտվել իր իրավունքից, սակայն ապարդյուն։
«Ես դիմել եմ ԱԺ նախագահին, որ, ըստ օրենքի, ծանոթանամ արձանագրություներին և ունենամ հնարավորություն ծանոթանալու նաև զեկույցին, քանի որ դա իմ օրինական պահանջն է։ Որպես նախկին պաշտոնյա, որը մասնակցել է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ես իրավունք ունեմ ծանոթանալու և՛ զեկույցին, և՛ արձանագրություններին, որը իմ խոսքերից պետք է կազմված լինի, բայց չեն տալիս: Հուսամ՝ կտան»,- նշել է նա։
Տոնոյանն օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ նշել էր, որ կալանավորված է պատերազմի արդյունքների համար, ոչ այն բանի, ինչ ձևակերպված է:
Տոնոյանը 2018թ․ մայիսից մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ն զբաղեցրել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել էին 2021թ․ սեպտեմբերին: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու, 2 մլրդ 277 մլն 323 հազ․ 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, այդ թվում՝ Տոնոյանին։
Armenia Today