ՀԱՊԿ անդամ լինելը չի խոչընդոտել ու հիմա էլ չի խոչընդոտում Հայաստանի Հանրապետությանը սպառազինություններ ձեռքբերել տարբեր երկրներից։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ 24news.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Իսկ մենք հիմա ՀԱՊԿ-ից դու՞րս ենք եկել, որ այսօր ձեռքբերումներ արվում են։ «Սառեցում» չգիտեմ, թե ինչ է նշանակում, բայց հասկանում եմ, որ չենք մասնակցում միջոցառումներին, որոշումների կայացմանը, բայց իրավական կարգավիճակը չի փոխվել։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք, և դա չի խոչընդոտում։ Նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում դաշնային որևէ փոփոխություն չկա»,- ասաց Տոնոյանը։
Նրա կարծիքով՝ այն, որ նախկինում արևմտյան որոշ երկրներ չեն ցանկացել զենք ու սպառազինություն մատակարարել Հայաստանի Հանրապետությանը, կապված է եղել արցախյան հակամարտության հետ։ Օրինակ, Ֆրանսիան և ԱՄՆ-ն եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, և այդ պատճառով, այսպես ասած, իրենց թույլ չեն տվել զենք վաճառել Հայաստանին։
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իր ղեկավարման տարիներին ՀԱՊԿ-ի անդամ լինելը երբևէ չի խոչընդոտել ՀՀ-ին սպառազինություն ձեռք բերելու հարցում։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, նա նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ չհամաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։
Sputnik Արմենիա
