Логотип

Տուսկ․ Լեհաստանը խնդրել է կիրառել ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը

Լեհաստանը խնդրել է կիրառել ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը, խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը, հաղորդում է BBC News-ը։

Այս հոդվածը թույլ է տալիս անդամ երկրներին բարձրացնել հարցը Հյուսիսատլանտյան խորհրդում (ՆԱՏՕ-ի գլխավոր քաղաքական որոշումներ կայացնող մարմին)։ Այնուհետև, խորհրդակցություններ են անցկացվում՝ պարզելու համար, թե արդյոք վտանգի տակ է հայտնվել այս կամ այն անդամ երկրի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը։

«Ոչ մի կասկած չկա, որ Լեհաստանի տեսանկյունից այս սադրանքն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան նախորդները»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը՝ նշելով, որ «դա ոչ թե պարզապես պատերազմ է ուկրաինացիների համար, այլ առճակատում, որը Ռուսաստանը հայտարարել է ողջ ազատ աշխարհին»։

Նրա խոսքով՝ Լեհաստանի Զինված ուժերը մեկ գիշերվա ընթացքում երկրի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի 19 ներխուժում են արձանագրել։ Նա հայտնել է, որ երեք կամ հնարավոր է չորս անօդաչու թռչող սարք է խոցվել լեհական և ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից, որոնք օդ են բարձրացվել սպառնալիքը վերացնելու համար։

Տուսկը հավելել է, որ զգալի թվով անօդաչու թռչող սարքեր են թռել երկիր Բելառուսից։ Վերջին անօդաչու թռչող սարքը խոցվել է տեղական ժամանակով ժամը 06։45-ին։

News.am