Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկությունը պայմանավորված է եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի ընթացքում նրա դրսևորած նախաձեռնությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ազատման դիմումը գրվել է իր անմիջական ցուցումով՝ թանգարանի տնօրենի քայլերը որակելով որպես պետության արտաքին քաղաքականությանը հակասող և սադրիչ գործողություն։
Մարտի 12-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետը մանրամասնել է, որ խոսքը վերաբերում է փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցին։ Ուղեկցելով բարձրաստիճան հյուրին՝ Էդիտա Գզոյանը նրան Արցախի հիմնախնդրի վերաբերյալ գիրք էր նվիրել, ինչպես նաև ներկայացրել անցյալ դարավերջին Սումգայիթում, Գանձակում և Բաքվում տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերն ու հուղարկավորված ազատամարտիկների պատմությունները՝ դրանք կապելով Հայոց ցեղասպանության հետ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն պայմաններում, երբ երկրի ղեկավարը հայտարարում է Ղարաբաղյան շարժման բացակայության մասին, արցախյան հիմնահարցի վերաբերյալ օտարերկրյա պաշտոնյային գիրք նվիրելն անթույլատրելի է։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում արտաքին քաղաքականություն վարելու բացառիկ լիազորությունը պատկանում է կառավարությանը, և պետական այն պաշտոնյաները, որոնց գործողությունները կհակասեն պաշտոնական ուղեգծին, անմիջապես կազատվեն զբաղեցրած պաշտոններից։
Նախքան վարչապետի այս հայտարարությունը՝ Գզոյանի աշխատանքից ազատման դիմումի լուրը շրջանառվում էր առանց պաշտոնական պարզաբանումների թե՛ թանգարան-ինստիտուտի, թե՛ ԿԳՄՍ նախարարության կողմից։
Verelq.am
