ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Բաքվի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը փաստացի ցմահ ազատազրկում է։
Փետրվարի 17-ին «60 րոպե» հաղորդման ընթացքում ելույթ ունենալով՝ Զատուլինը նշել է, որ Վարդանյանը, որն արդեն երեք տարի գտնվում է Բաքվի բանտում, դատապարտվել է ևս 20 տարվա ազատազրկման։
Նրա կարծիքով՝ դատավճռի հրապարակումը հետաձգվել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Ադրբեջան այցից առաջ, «որպեսզի չնեղացնեն ամերիկացի հյուրին», քանի որ Վարդանյանի ազատ արձակման օգտին հանդես են գալիս ոչ միայն Ռուսաստանում, այլև ԱՄՆ-ում։
«Մարդուն, որը պատերազմից հետո եկել էր Ղարաբաղ, երբեք չէր կռվել և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բնականոն հարաբերությունների հույս ուներ, դատապարտեցին «ահաբեկչության» և «իշխանության զավթման» մեղադրանքներով»,- ընդգծել է Զատուլինը։
Նա ափսոսանք է հայտնել, որ շարունակվում են իրերն իրենց անուններով կոչելուց խուսափելու փորձերը՝ հավելելով, որ «շարունակվում է հաղթողների խնջույքը Բաքվում, որը ոտնահարում է պատվի և արժանապատվության մասին բոլոր պատկերացումները»։
Ադրբեջանի ռազմական «դատարանն» Արցախի նախկին պետնախարարին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման, որից 10 տարին նա կանցկացնի բանտում, մյուս 10 տարին՝ խիստ ռեժիմի բանտում:
Armenia Today
