«Ադրբեջանը հասկանում է՝ ցորենի մեկ երկու բեռնատարով ևս մեկ կախման մեջ է գցում Հայաստանի տնտեսությունը։ Այս իշխանությունները այսպիսով ևս մեկ հնարավորություն են տալիս Ադրբեջանին՝ կառավարելու հայ ժողովրդի էմոցիաները, Հայաստանի ներքաղաքական կյանքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանով Հայաստան ցորեն տեղափոխելուն։
Զաքարյանը հիշեցրեց՝ 25-30 տարի ցորենը այսպես, թե այնպես, Ռուսաստանից կամ Ղազախստանից այլ ճանապարհով գալիս, հասնում էր Հայաստան, և մեր քաղաքացիները չէին էլ իմանում՝ ոնց եկավ, հասավ. «Հիմա սրանք սա դարձրել են PR- ի միջոց, որ եկեք՝ մի բան էլի զիջենք, տեսեք՝ իրենք էսինչ քայլն անում են»:
Զաքարյանի խոսքով՝ պատահական չէ, որ վերջին շրջանում շրջանառվում է նաև Ադրբեջանից գազ գնելու հարցը։
«Այս իշխանությունների քաղաքականությունն է ամբողջությամբ Հայաստանի ինքնիշխանությունը, ինքնուրույնությունը, ներքին կյանքը, անվտանգային ճարտարապետությունը կախման մեջ դնել Ադրբեջանից ու Թուրքիայից»,-ասաց նա։
Զաքարյանը հավելեց՝ եթե 2026 թվականի ընտրությունները, այնուամենայնիվ, կայանան, ու այս պայմաններում ընտրողները նախապատվություն տան Նիկոլ Փաշինյանին, ուրեմն քվեարկելու են ոչ թե Հայաստանի ապագա զարգացման համար, այլ՝ Ալիևի ծրագրերի իրագործման։
