ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ցուցմունք է տվել ՀՀ–ի դեմ` այն ներկայացնելով օկուպանտ և ագրեսոր երկիր։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով վարչապետի` ՀՀ 1–ին նախագահին ուղղված գրառումը, որտեղ նա Տեր-Պետրոսյանին հարց էր ուղղել. «Ո՞վ և ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից ու վավերացումից հետո Հայաստանի 18 տարեկան զինվորներին տեղակայել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։
Սուրենյանցի դիտարկմամբ` Ադրբեջանն այս հայտարարությունը կարող է օգտագործել որպես հաղթաթուղթ, մանավանդ որ, դա Բաքվի վաղեմի երազանքն է`Հայաստանին նորանոր պահանջներ առաջադրելու, միջազգային հարթակներում Հայաստանի դեմ նոր գործողություններ սկսելու համար։
«Սա շատ վտանգավոր հայտարարություն է, որը Հայաստանի ապալեգիտիմացման ճանապարհով վտանգի տակ է դնելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը»,– նշում է վերլուծաբանը։
Հատկանշական է, որ Փաշինյանի այս հայտարարությունը համընկավ Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների միջնորդություններին` դատական պրոցեսին ներգրավելու նաև Նիկոլ Փաշինյանին, առնվազն` տեսակապի միջոցով։
Սուրենյանցի գնահատմամբ` Փաշինյանն այսկերպ արդեն իսկ իր ցուցմունքը տվեց ընդդեմ Ադրբեջանում պահվող ու շինծու մեղադրանքներով դատվող հայ գերիների։
«Համարեք` Նիկոլ Փաշինյանն իր բաժին ցուցմունքը տվեց։ Այն, ինչ Բաքվի դատարանը, փաստեր չունենալու պատճառով չէր կարող ապացուցել, հիմա մի զորեղ փաստ հայտնվեց իրենց ձեռքին։ Ըստ Բաքվի ռեժիմի և ըստ Նիկոլ Փաշինյանի` այդ մարդիկ օկուպացիոն ռեժիմի պարագլուխներ են, և հենց այդ հատկանիշներով էլ դատվելու են»,– կարծում է Սուրենյանցը։
Հիշեցնենք` արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի կարգավորման բանակցությունների թեմայով պարբերաբար բանավեճի է հրավիրում Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, սակայն միշտ մերժում է ստանում։
Նախկին նախագահները Փաշինյանից պահանջում են հրապարակել իր օրոք բանակցված փաստաթղթերը, ինչը Փաշինյանը մինչ օրս չի արել։ Անկախության օրվան ընդառաջ իր հասցեին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կոշտ քննադատությունից հետո Փաշինյանը կրկին թարմացրեց բանավեճի թեման և դարձյալ բավական կոշտ արձագանք ստացավ 3 նախագահներից։