Логотип

Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ արդարադատության բարդ և առանցքային ոլորտում բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել, սակայն մինչև նախարար նշանակելը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում ևս ապօրինի գույքի բռնագանձման գործեր համակարգելիս մեծ միջոցներ են ծախսվել առանց իրական արդյունքների։

Թերթը նշել է, որ Գալյանը պարբերաբար լեզվակռվի մեջ է հայտնվում լրագրողների հետ, «անհավասարակշիռ է», ինչպես նաև նրա անձնական կյանքն է քննարկման առարկա դարձել։

Լրատվականի տեղեկությամբ՝ ներքին քննարկումների ժամանակ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իրենցից ակնկալում է խաղաղություն և «ներքին առողջացում»։

Նա պարզաբանել է, որ «վերջինի հարցը մնում է խնդրահարույց՝ ժողովուրդը տեսնում, լսում է պաշտոնյաների սրընթաց հարստացման, չարաշահումների, նոր օլիգարխների մասին, մամուլում տասնյակ հրապարակումներ կան ոմանց կոռուպցիոն գործարքների, կասկածելի կապերի մասին»։

«Եթե մինչև վերջերս խոսվում էր, որ առաջին զոհը լինելու է (Երևանի քաղաքապետ-AT) Տիգրան Ավինյանը, ապա հիմա նրա մասին զգուշորեն են խոսում, ասում են՝ Ավինյանը հասկացրել է, որ իրեն ձեռք տալը չեն մարսի»,- շեշտել է թերթը։

MPG/Gallup International Association-ի կողմից օգոստոսին անցկացված հարցման համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների միայն 17,3%-ն է հայտնել իր պատրաստակամությունը քվեարկելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Armenia Today