Հայաստանի 3 նախագահների ներկայացուցիչները գրառումներով արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջին հայտարարություններին` հնչած հանրապետության նախկին 3 ղեկավարների հասցեին։
Նշենք, որ արդեն 2–րդ օրն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառումներով ՀՀ նախկին 3 ղեկավարին մեղադրում է ընտրությունները կեղծելու, Հայաստանի 3–րդ հանրապետությունն անդունդի մեջ ներքաշելու մեջ։ Փաշինյանը մեղադրել է ՀՀ նախագահներին 18–ամյա զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս սահման պահել ստիպելու համար։ Վարչապետը կրկին հրավիրել է նախագահների բանավեճի։
«Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գևորգին, Վազգենին էլ հետներդ բերել…. Բանավեճը կարող ենք «Երևան–Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»,–գրել է Փաշինյանը` կրկին վիրավորական տոնայնությամբ նշելով «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Շիրակի թեմի առաջնորդին ու Բագրատ սրբազանին։
Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի անունից արձագանքել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` ասելով, թե ճշգրիտ բացահայտումները Փաշինյանին հանում են հավասարակշռված վիճակից, առաջացնում էլ ավելի խորը հիստերիկ նոպաներ և անքնություն, ինչը կարող է երկրի անվտանգության և կայունության համար լուրջ, անգամ ցնցումային, հետևանքներ ունենա։ Զուրաբյանն առաջին նախագահին խնդրել է թույլ տալ իրեն բանավիճել` Փաշինյանի նախկին խցում կամ այլ տեղ։
«Իրավիճակը լուրջ է, պարոն նախագահ: Հիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը, առաջարկում հանրային բանավեճ կալանավայրի խցիկում, զառանցում ինչ-որ «խաղաղության գոտու» և «սնուցող մայրերի» մասին: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ձեր բանավեճի մասին երևակայելն անգամ հղի է երկրի ղեկավարի հոգեկան վիճակի քայքայման վտանգով և Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիքներով, խնդրում եմ ինձ տալ լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում: Խոստանում եմ թերապեվտիկ զգալի էֆեկտ»,– գրել է Զուրաբյանը` հավելելով, որ «մթագնած այս վիճակում» Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ սուտ մատնություն կատարել սեփական երկրի դեմ։
Հանրապետության 2–րդ նախագահ Ռոբետ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը News.am- ի հետ զրույցում է անդրադարձել Փաշինյանի գրառումներին։
«Կա՛մ արաղն ա պետք թարգել, կա՛մ դեղերը: Տեքստերը չեմ կարդացել, քանի որ փլուշահոտը խեղդում է: Կարա թան խմի` դնջանա»,- նշել է Բագրատ Միկոյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն էլ ֆեյսբուքյան էջում տարածել է Մարկ Տվենի ու Ալբերտ Էնշտեյնի խոսքերը։
«Օրվա խորհուրդը՝ հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին. երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք». Մարկ Տվեն:
«Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ». Ալբերտ Էյնշտեյն»,– մեջբերել է 3–րդ նախագահի գրասենյակը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա դեկտեմբերին էլ էր հանրապետության նախկին ղեկավարներին հրավիրել բանավեճի Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ։
Sputnik Արմենիա