Անվտանգությունը սեփական խոցելիությունը նվազեցնելու գործընթաց է, որի առաջնային գործիքներից են ռազմաքաղաքական դաշինքներն ու բանակը։ Այսօր անվտանգության միջազգային համաժողովում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ի պարագայում պատմությունն ապացուցեց, որ երկուսն էլ չեն աշխատել։
«Առաջին կետը չաշխատեց երեք անգամ։ ՀԱՊԿ-ը արձանագրում էր, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, որքան ՀՀ-ն, և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության տակ ՌԴ-ն միշտ էլ նկատի է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղը։ ՌԴ նախագահը սա վերահաստատեց նաև 2020 թվականի նոյեմբերի 18-ին և դեկտեմբերի 17-ին՝ ասելով, որ ԼՂ տարածքը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի մասն է և միշտ այդպես է եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի` ՀԱՊԿ–ի դիրքորոշումը նորություն չէր, սակայն հարց է, որ Երևանը նախկինում «նախընտրել էր չտեսնել այն»։ Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ–ի վրա Ադրբեջանի հարձակումից հետո ՌԴ–ն նկատել է, որ հայ–ադբեջանական սահմանը սահմանազատված ու սահմանագծված չէ, որից հետո ինքը նաև հասկացել է, որ անվտանգության ամենակարևոր հենասյունը լեգիտմությունն է։
«2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ կարևորագույն խոսակցություն, և այստեղ էր, որ մենք հենվեցինք Ալմա Աթայի հռչակագրի վրա, ու տեղի ունեցավ շրջադարձային իրադարձություն՝ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին՝ պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»,- շարունակեց Փաշինյանը։
Փաշինյանը լեգիտիմության ռազմավարության ամրապնդում է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի՝ երկու երկրների կողմից ստորագրված և վավերացված լինելը, ինչպես նաև Վաշինգտոնյան համաձայնությունները։
Sputnik Արմենիա