Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու որոշումը նպատակ ունի կաթողիկոսությունը Հայաստանից «դուրս տանել», սակայն երկրի իշխանությունները դա թույլ չեն տա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «ավելի ու ավելի լուրջ են դառնում տեղեկությունները», որ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս հրավիրելը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է, որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելը և Հայաստանի դեմ որպես գործիք օգտագործելը»։
«Ուզում եմ զգուշացնել նաև Սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ այս դավադիր պլանում ներգրավվելն արդեն լրջորեն խաթարում է ՀՀ պետական անվտանգությունը, և ՀՀ-ն չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն է լինելու և շատ կոշտ։ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք բոլորովին այլ կողմ՝ ՀՀ-ին հասու բոլոր միջոցներով։ Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է, և ես դա թույլ չեմ տա»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն «լրացուցիչ միջոցներ»։
Փաշինյանը նշել է, որ սփյուռքի գործիչները, որոնք ստորագրել էին հայտարարությունը, որով կոչ էին անում լուծել Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև առկա տարաձայնությունները, հետապնդում են «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելու նպատակ՝ Էջմիածնի գանձերի հետ միասին»։
Նրա խոսքով՝ կապ է հաստատել հայտարարության հեղինակներից մի քանիսի հետ։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններն ունեն կառույցներ, որոնք տիրատեպում են «նպատակներին, պլաններին, քննարկումներին»։
Վարչապետը նաև մեկնաբանել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու վարչապետի պաշտոնում առաջադրվելը։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի սահմանադրության և օրենսդրության համաձայն՝ երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի կամ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու։
«Հետևաբար, այն, ինչ դուք ասում եք, պարզապես ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո գոյություն չունի։ Եվ, հետևաբար, գոյություն չունեցող բանը, անկեղծ ասած, հարկ չեմ համարում մեկնաբանել»,- հայտարարել է նա՝ պատասխանելով այդ մասին ճեպազրույցի ժամանակ տրված հարցին։
Փաշինյանի խոսքով՝ Կարապետյանի առաջադրումը «ՀՀ-ն ապալեգիտիմացնելու վերջին փորձն է»։
Նա նաև հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «բոլոր նախկին իշխանությունները, բոլոր օլիգարխները «վերջնականապես և ավերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից»։
«2026 թվականից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»,- ասել է նա։
Վարչապետը նաև հայտարարել է, որ ապրիլին կկայանա իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որտեղ բաց քվեարկությամբ կհաստատվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության թեկնածուների համամասնական ցուցակը, ինչպես նաև կուսակցության նախընտրական ծրագիրը։
Մեկնաբանելով «Զայեդ» մրցանակի շնորհումը՝ Փաշինյանը հայտնել է, որ մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար, որը նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիսել են։ Մրցանակային գումարը դեռևս չի փոխանցվել։ Փաշինյանի խոսքով՝ այժմ որոշում է, թե մրցանակային ֆոնդը հանրային ի՞նչ նպատակների համար է ծախսվելու, և այդ տեղեկատվությունը կտրամադրվի որոշում կայացնելուց հետո։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ է 4 արքեպիսկոպոս՝ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը։
Հայաստանի գերագույն հոգևոր խորհրդի 6 հոգևորականի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել «դատական ակտի կատարումը խոչընդոտելու» մեղադրանքով։ Քրեական հետապնդման շրջանակում նրանց ելքը երկրից արգելափակվել էր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դա դատապարտել էր՝ անվանելով Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտում։
Armenia Today
