Логотип

Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` հանդիպմանը վարչապետը կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում և ընդգծել, որ ՀՀ–ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ–ն հետևողականորեն աջակցում է։

Սատու Կոյվուն իր հերթին անդրադարձել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը` վստահություն հայտնելով, որ ՀՀ կառավարության գործընկերների հետ կշարունակվի սերտ համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը։

Վարչապետի մամուլի ծառայությունից նշում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցերի։

Նշենք, որ Սատու Կոյվուն փոխարինում է Մարկուս Ռիտերին։ Եվրոպական խորհրդի որոշմամբ` ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական հիմունքներով Հայաստանում պաշտոնապես տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։

Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:

ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:

Sputnik Արմենիա