ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսնակ Նազելի Բաղդասարյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հանձնարարել է հարցազրույց կազմակերպել Time ամսագրի հայտնի լրագրող Սայմոն Շուստերի հետ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Փաշինյանը, ըստ պարբերականի, կարծում է, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցն իր մասին բացասական տպավորություն է ստեղծել ԱՄՆ-ում։
Թերթի տեղեկությամբ՝ հենց հարցազրույցի հետ են կապում նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Թրամփ կրտսերի Հայաստան այցի չեղարկումը։
Փաշինյանն ուզում է միջազգային հանրությանը համոզել, որ ընդդիմության դեմ իր պայքարը լեգիտիմ է, և որոշել է ամերիկյան հարթակում փաստեր ներկայացնել, թե ինչպես էին ընդդիմությունն ու Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն այս ամռանը «փորձում զավթել» իշխանությունը՝ ուժի կիրառմամբ, նշել է լրատվականը։
Բացի այդ, թերթի պնդմամբ, նա հույս ունի հայտնվել ամերիկյան Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցուցակում։
Մամուլը գրել էր, որ Կարլսոնի հետ Կարապետյանի հարցազրույցից հետո կառավարությունը մոբիլիզացրել է ամբողջ մեդիառեսուրսը հակաքարոզչության համար։
Armenia Today
