Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ տեր Ռուբեն քահանա ահազանգել է, որ ԱԱԾ-ն գնացել է իր մոտ և առաջարկել է, որ պատարագի ժամանակ, որը հավանաբար տեղի է ունենալու առաջին կիրակի օրը, Վեհաբառի անունը չհնչեցնի։
«Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել պատարագին, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, վեցերորդ դեպքում կարող է վեցերորդ մարդ լինել։ Դա կախված է նրանից, ով ում ճանաչում է և ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարագ գնալու առիթով են շփվում, բազմաթիվ հայտնի և ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են։ Այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց. «Այնտեղ, որտեղ ես մտադրություն ունեմ գնալ պատարագի, ոչ միայն ես, Հայաստանի Հանրապետության վարչապետը և պետական պահպանության ենթակա ցանկացած անձ, եթե ես որևէ եկեղեցի պետք է գնամ պատարագի, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ և այնտեղ իրականացվում են գործողություններ, այդ թվում եկեղեցում իրականացվում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների անվտանգություն ապահովելու համար։ Ոչ մի նորություն այստեղ չկա։
Ես իմ անվտանգության հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը և այդ թվում այն քաղաքացիների, որոնք կարող են էդ պահին գտնվել էյդտեղ։ Նախ վարչապետի և պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը ապահովելը օրենքով սահմանված պարտավորություն է, որը գործում է աշխարհի բոլոր երկրներում, իսկ անվտանգության մի քանի, այդ թվում բովանդակային ապահովության շերտեր կան»։
Ճշտող հարցին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելն ինչո՞վ է սպառնում ձեր անվտանգությանը, Փաշինյանը պատասխանեց. «Որովհետև կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգության համար»։
News.am
