«Ի՞նչ գործ ունեք խորհրդարանում, գնացեք փողո՛ց», «Եթե գոհ չեք, հեղափոխությո՛ւն արեք», «Ես պետության առաջնորդներից առաջինն եմ ու, երևի, միակը, որ հեղափոխության կոչ է անում»։ Իրական ընդդիմությանն ուղղված այս կոչերը կարելի է բացատրել դատական հոգեբուժության տեսանկյունից, որտեղ կա այն երևույթի նկարագրությունը, թե ինչպես է յուրաքանչյուր կրկնահանցագործ ենթագիտակցորեն ցանկանում, որ իրեն վերջապես կասեցնեն: Փաշինյանը գիտակցում է, որ իր յուրաքանչյուր քայլ երկրի ներսում և նրա սահմաններից դուրս դավաճանություն է ժողովրդի շահերին։ Նա չի կարողանում ինքը կանգ առնել, ուզում է, որ իրեն կասեցնեն, դրա համար էլ հեղափոխության կոչ է անում…
ԵԹԵ ՄԻ ԿՈՂՄ ԹՈՂՆԵՆՔ ԴԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆԻՑ ՀՆՉՈՂ ԱՅԴ ԿՈՉԵՐԸ քաղաքական տեսանկյունից մի քանի նպատակ են հետապնդում։ Նախ, Փաշինյանը հասկացնել է տալիս, որ եթե ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, ուրեմն ամեն ինչից գոհ է, ուստի չի ուզում հեղափոխություն անել։ Փաշինյանին արդեն պատասխանել են, որ եթե իր իշխանությունը փողոցային բողոքի ակցիաներին արձագանքեր այնպես, ինչպես դա անում էր հանրապետականների իշխանությունը, ապա երկրում պերմանենտ հեղափոխություններ կբռնկվեին։
Փաշինյանի կոչերը բացահայտ ծաղր են իրական ընդդիմության նկատմամբ, նա հիանալի գիտակցում է, որ մինչև 2018 թվականը երկրում քաղաքական բռնաճնշումների և ոստիկանական տեռորի մոլեգնություն չի եղել, ինչպես որ չեն եղել չդադարող պատվիրված ինքնադատաստաններ իշխանության հակառակորդների նկատմամբ և ձերբակալություններ քաղաքական դրդապատճառներով։ Փաշինյանը իշխանության եկավ փողոցի աջակցությամբ, ուստի անմիջապես միջոցներ ձեռնարկեց ոստիկանության բարեփոխման միջոցով փողոցային գործոնը չեզոքացնելու համար, ինչը հանգեցրեց նրան, որ պետությանը ծառայող ինստիտուտը փոխարկվեց Փաշինյանի քաղաքական հակառակորդների բացահայտման և պատժման ջոկատների։
Փաշինյանը գիտի, որ իր «ժողովրդավարության բաստիոնում» բռնապետություն է տիրում։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիպուկ համեմատությամբ՝ Նիկոլի առջև Պինոչետը ժողովրդավարության լուսատու է։
Երկրորդ, հեղափոխություն հրահրելով՝ Փաշինյանը ձգտում է կանխավ վնասազերծել հասարակական ակտիվ հատվածի ներկայացուցիչներին՝ հետընտրական ընդվզումների շիկացումը մեղմելու համար։ Որ այդ ընդվզումները լինելու են, չնչին իսկ կասկած չկա, ինչպես որ կասկածից վեր է, որ ռեժիմը համատարած ճնշումներ կգործադրի ընտրողների ազատ կամարտահայտության վրա, ինչպես նաև տոտալ կերպով կկեղծի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները:
Երրորդ, իշխող վերնաշարտի պարագլուխը վախենում է (և դրա համար հիմքեր կան), որ կուտակված վրդովմունքը կարող է փողոց ժայթքել ընտրություններից ոչ շատ առաջ, այսինքն քվեարկությունից և պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ, ուստի նրան ձեռնտու է նախապես գլխատել փողոցային բողոքների նոր ալիքը։ Ընդունված է համարել, թե զանգվածային ակցիաները հեղափոխության վերաճելու ավելի մեծ հնարավորություն ունեն ընտրություններից հետո, քան դրանց անցկացումից առաջ, բայց Հայաստանում իրավիճակն այլ է։ Ընտրությունների մոտենալուն զուգընթաց էապես կկրճատվի այն մարդկանց թիվը, ովքեր հավատում են համաժողովրդական քվեարկությամբ իշխանափոխության հեռանկարին։
ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ։ Այդ իսկ պատճառով Փաշինյանն ու ՀՀ սահմաններից դուրս գտնվող իր տերերը նախընտրեցին սկզբում իրականացնել իշխանության հակասահմանադրական զավթումը, իսկ հետո արդեն անցկացրեցին առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2018թ. դեկտեմբերի 9-ին: Փաշինյանին ձեռնտու է նախապես չեզոքացնել փողոցային բողոքի ակցիաների միջոցով իշխանության վրա ճնշում գործադրելու բոլոր փորձերը, այստեղից էլ հեղափոխության հրահրումը երկրի ամենաբարձր ամբիոնից:
Զանգվածների ակտիվությունը չեզոքացնելու փորձը բռնակալների վարքագծի տիպիկ օրինակ է՝ իշխող կուսակցության ցածր վարկանիշի պայմաններում համապետական ընտրություններին նախապատրաստվելիս։ Սեպտեմբերի 28-ի ընտրություններից առաջ նման պահվածքի դասական օրինակ ցուցաբերեց Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ քաղաքական բռնաճնշումներ կիրառելով ԵՄ պետությունների լուռ հավանությամբ:
Փաշինյանը բաց տեքստով հրահրում է իրական ընդդիմության կուսակցություններին փողոցային բողոքի ակցիաների, իմանալով, որ ցանկացած զանգվածային ակցիա ջախջախվելու է այնպես, ինչպես ջախջախեց 2024 թվականի հունիսի 12-ի ակցիան։ Այդ օրը, հիշեցնեմ, ոստիկանությունը խորհրդարանի շենքի մոտ կիրառեց արգելված հատուկ միջոցներ՝ 30 լուսաձայնային նռնակներ։ Դրանք նետեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցների ամենահոծ բազմության մեջ։ 101 մարդ դիմեց բժշկական օգնության, լոկ հրաշքով հաջողվեց խուսափել զոհերից, իսկ նռնակների կիրառումը հետին թվով օրինականացվեց ոստիկանության և առողջապահության նախարարության կողմից:
Ճնշումն ուժգնացնելուն զուգընթաց (ամենաթարմ օրինակը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու դատավճիռն է) բազմապատկվում է նրանց թիվը, ովքեր վստահ են, որ չի կարելի իշխող ՔՊ կուսակցությանը և դրա առաջնորդ Փաշինյանին վստահել ազատ և թափանցիկ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը: Իշխող վերնաշերտի պարագլուխն արդեն այսօր հող է նախապատրաստում զանգվածային կեղծիքների և իրական ընդդիմության վրա ճնշման համար… Ազատ և թափանցիկ ընտրություններ կարող է անցկացնել միայն Ազգային համաձայնության ժամանակավոր անցումային կառավարությունը, որը կձևավորվի Փաշինյանի հրաժարականից հետո՝ փողոցի ճնշման տակ իմպիչմենտի միջոցով…
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանն օրերս կանխատեսում հայտնեց, որ իմպիչմենտի ցուցակի շուրջ արդեն միավորված խորհրդարանական ընդդիմությունը լիովին ունակ է ապահովել փողոցի աջակցությունն օրինական ընթացակարգին: Հայտնի է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հանդիպման մասին՝ իմպիչմենտի նախաձեռնության տակ ստորագրահավաքի ձևաչափը համատեղ քննարկելու համար։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն օրերս հաստատեց, որ նախաձեռնությունն օրակարգում կընդգրկվի 54 ստորագրության առկայության դեպքում: ՔՊ խմբակցության պատգամավորները պնդում են, որ այդ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, քանի որ իրենք դրան չեն աջակցելու։ Մամիջանյանը չբացեց փակագծերը, սակայն տեղեկություններ կան ՔՊ խմբակցության առանձին անդամների հետ ընդդիմության բանակցությունների մասին, 54 ստորագրության համար ՔՊ խմբակցությունից կպահանջվի 18-ը: Մամիջանյանն ասաց, որ դրանք կստացվեն փողոցի ճնշման տակ։
ՎԵՐՋԵՐՍ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ դրվեց այն քարոզչաթեզը, թե իմպիչմենտի ընթացակարգի առաջմղումն ուղղակիորեն կապված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած այցի հետ, թե իբր՝ այդ կերպ այսուհետ միավորված խորհրդարանական ընդդիմությունը փորձել է համապատասխան խորապատկեր ապահովել։ Հոկտեմբերի 7-ին կայացած ասուլիսում Քոչարյանը հերքեց ՔՊ ներկայացուցիչների կողմից շրջանառվող լուրերը իր և ՀՀ հարցերով Կրեմլի համակարգող Սերգեյ Կիրիենկոյի հանդիպման մասին: Այդ առնչությամբ ԶԼՄ-ներում կազմակերպած կեղծ արտահոսքերը հանգում էին նրան, թե Կրեմլը փող չի տվել Հայաստանում ռեժիմը տապալելու համար, իսկ Կիրիենկոն անձամբ Քոչարյանին հասկացնել է տվել, որ Մոսկվան լվանում է ձեռքերը և չի միջամտի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Ռեժիմի քարոզչամեքենան լկտիաբար ստեց նաև, թե Կիրիենկոյի մտացածին արձագանքն ուղղակիորեն կապված է Փաշինյանի վերջերս Մոսկվա կատարած այցի և Պուտինի հետ նրա հանդիպման հետ։ Այնպիսի տպավորություն է, թե Պուտինն անձամբ խոստացել է նրան, որ ոչ մի դեպքում չի խանգարի ՔՊ-ի վերարտադրմանը։ Քարոզչությունը նախատեսված էր զանգվածներին հիմարացնելու համար՝ սերմանելով այն գաղափարը, թե ռեժիմին ցուցաբերվող ցանկացած դիմադրություն անօգուտ է։ Երկրորդ նախագահն ասաց, որ Մոսկվա է այցելել 2-օրյա մասնավոր այցով, որը տեղի է ունեցել հանգստյան օրերին…
Հերթական ստի բացահայտման խորապատկերին մենք ավելորդ չենք համարում ներկայացնել նաև հակառակ կանխատեսումը, որը պատկանում է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանին։ «Կիրիենկոն ձախողվեց Մոլդովայի ընտրությունների արդյունքում, որտեղ Ռուսաստանը փորձում էր փրկել դեմքը։ Հայաստանում խաղադրույքներն ավելի բարձր են: Այստեղ խոսքը «Թրամփի ճանապարհ» անվանումով գերնախագծի իրականացմանը խոչընդոտելու մասին է, Ռուսաստանը փորձում է հետ շրջել ժամանակը։ Չկարծեք, թե մեզ հետ շախմատ են խաղալու, մեզ սպասում են մարտեր առանց կանոնների»,- հայտարարեց նա։
Ինչպես տեսնում ենք, կանխատեսումներն իրարամերժ են, իսկ ինչ վերաբերում է շախմատ խաղալուն, ապա 2018-ից հետո ՀՀ ղեկավարության հետ արդեն ոչ ոք այդ խաղը չի խաղում։ Փաշինյանի հետ շփվելիս ինտելեկտը հակացուցված է, իշխող վերնաշերտի պարագլուխը շատ լավ հասկանում է վերջնագրերի և միակողմանի զիջումների պարտադրման լեզուն։