Հայաստանի Հանրապետությունը հենց այսօրվանից պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա երթուղով։ Այս մասին 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։ Սա այս պահին միակ տարբերակն է, որ մենք կարող ենք իրականացնել։ Եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարայի անցագրային կետին՝ ուղևորվելու դեպի Ադրբեջան, ապա մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա։ Մեր ճանապարհները մինչև Գորիս, Կոռնիձոր լավ վիճակում են գտնվում»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Կոռնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք կա, հետևաբար հնարավոր է նաև Ադրբեջանից Թուրքիա ուղղությամբ էլ բեռնատարների տարանցում իրականացնել։ Փաշինյանը շեշտեց նաև, որ Ադրբեջանի հետ Հայաստանի իրավիճակը մի փոքր տարբեր է՝ ընդգծելով, որ ներկայում ընթացքի մեջ է Ադրբեջանի տարածքով Ղազախստանից հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծման գործընթացը։
Sputnik Արմենիա
