Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից մեկնել է Նյու Յորք։ Այս մասին ՀՀ կառավարության ղեկավարը հայտնել է սոցիալական ցանցերում՝ ինքնաթիռի խցիկից տեսանյութ հրապարակելով։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Նա ԱՄՆ–ում կգտնվի սեպտեմբերի 26–ից 27–ը։
«Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ»,–գրել է Բաղդասարյանը։
Նշենք` ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք` Փաշինյանը Մոսկվա էր մեկնել` մասնակցելու սեպտեմբերի 25-28-ը կայանալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին։ Այն նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի:
Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ:
Հավելենք, որ սեպտեմբերի 25–ի լույս 26–ի գիշերը Կրեմլում ՀՀ վարչապետին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Sputnik Արմենիա