Логотип

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԵՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԹԵՄԱՅԻՑ. ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ Է ՄՇԱԿՎՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիները` բացառությամբ թոշակառուների, պետք է լրացնեին հայտարարագիր, որի ժամկետը երկարաձգվել էր արդեն գարնանից մինչև նոյեմբեր: Հիմա Նիկոլ Փաշինյանն էլի է նահանջել և այլևս չի պահանջում մարդկանցից հայտարարագիր լրացնել:

Ինչո՞ւ է «բարիացել» վարչապետը: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հիմնադիր Նաիրի Սարգսյանը հրապարակավ հայտնել էր, որ «860,000 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել ընդամենը 94,382-ը։

31.08.2025 թ.-ի դրությամբ 2024 թ.-ի համար տարեկան եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակում հայտարարագիր ներկայացրել է 94,382 անձ։

Այս թվից ավելի քան 60,000 անձ պարզապես կրկնել է նախորդ տարվա պարտադիր հայտարարագրումը, ինչը նշանակում է, որ փաստացի նոր հայտարարագիր լրացրել է ընդամենը շուրջ 34,000 քաղաքացի»։

Այսինքն՝ քաղաքացիների մոտ տասը տոկոսն է լրացրել հայտարարագիրը, որը խայտառակ վատ ցուցանիշ է իշխանության համար:

Սա մեծ ապտակ է ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին, և որպեսզի նոյեմբերի 1-ին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես չխայտառակվի, նրանք մտածել են նոր օրինագիծ բերել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը առաջիկա օրերին արտահերթ ռեժիմով կբերի նոր օրինագիծ, որի անունը կլինի «Հայտարարագրի պարզեցման ընթացակարգ», սակայն իրականում դա հնարավորություն կտա քաղաքացիներին չմտնել ՊԵԿ կայք և ուղղակի չլրացնել հայտարարագիրը:

Ինչպես հայտնի է, մյուս տարի նաև թոշակառուները և մյուս քաղաքացիները պետք է հայտարարագրման համակարգին միանան, որը լրացուցիչ բեռ է յուրաքանչյու քաղաքացու համար:

ՔՊ-ն թողնում է ՀՀ քաղաքացու հայեցողությանը. եթե քաղաքացին համարում է, որ ՊԵԿ տեսանելի տեղեկությունից բացի ինքը որևէ այլ եկամուտ չունի, ապա կարող է անգամ մուտք չգործել համակարգ, նույնիսկ նոյեմբերի 1-ից հետո կարող է չմտնել հայտարարագրման համակարգ, և կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է: Ինչպե՞ս, շատ պարզ. այն, ինչ արդեն կա ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում, հենց այդ տեղեկության հիման վրա, որը տեսանելի է եղել ՊԵԿ-ին, կփոխանցվի հայտարարագրման համակարգ ինքնաշխատ ձևով, և հայտարարագիր չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի:

Իհարկե, ՔՊ նախագծում կսահմանվի տուգանք այն մարդկանց համար, ովքեր ունեն այլ եկամուտ, բայց չեն հայտարարագրել: Ասել է թե՝ խոպանի փողերը կամ ամուսնու, կնոջ, բարեկամի, հոր, մոր կողմից փոխանցված գումարները չլրացնելու համար ՔՊ-ն պատասխանատվությունը թողնում է նույնը. կպատժի, եթե պարզեց քաղաքացին եկամուտներ ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ն նաև ՊԵԿ-ին գործիքակազմ է տալիս՝ քաղաքացու համաձայնությամբ նրա ստացած ավանդների մասին ինֆորմացիան ևս վերցնելու և ինքնաշխատ ձևով հայտարարագրում դնելու, որպեսզի պետությունը տեսնի, թե ավանդից ինչ եկամուտներ է ստանում քաղաքացին:

Հավելենք, որ հայտարարագրման մոտիվացիոն տրամաբանությունն էլ է պահպանված նախագծում. այն քաղաքացին, որը մուտք կգործի ՊԵԿ-ի կայք և կլրացնի հայտարարագիր, սոցկրեդիտներից կկարողանա օգտվել՝ առողջապահության և կրթության վրա ծախսված տարեկան 100 հազար դրամի վերադարձի շրջանակում:

Այս նահանջը, իհարկե, 2026 թվականի ընտրություններին ընդառաջ քաղաքացիներին չնեցացնելու մասին նախագիծ է: Իսկ թե ինչ կլինի Փաշինյանի վերարտադրությունից հետո, բարդ չէ կանխատեսել. Փաշինյանը քաղաքացիների համընդհանուր ընդվզումն ու իր նախագծի մերժումը չի ների»։

Verelq.am