Логотип

Փաշինյանը որոշել է փոխել կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի խափանման միջոցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով քաղաքական որոշում է կայացվել փոխել կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով իշխանական աղբյուրները։

Ըստ այդ աղբյուրների՝ Փաշինյանը համոզված է, որ «Կարապետյանի քաղաքական ակտիվացումը և հրապարակային ելույթներն առավել շահեկան են լինելու հենց իշխանության համար»:

Թերթը հստակ ժամկետներ չի նշել, թե երբ կկայացվի խափանման միջոցի փոփոխության վերջնական որոշումը, սակայն հավելել է, որ Կարապետյանին հնարավորություն կտրվի մասնակցելու քարոզարշավին:

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Կարապետյանը կալանքից հետո հայտարարել էր «Մեր ձևով» շարժումը նախաձեռնելու մասին: Հունվարին «Մեր ձևով»-ը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Նա փետրվարի 11-ին միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է:

Armenia Today