ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։ Վարչապետը հավելել է, որ ՀՀ–ում մեծ անհանգստությամբ են հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
«Ընդունեք, խնդրեմ, իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար»,– ասված է հայտարարությունում։
Փաշինյանը բարեկամ Իրանի ժողովրդին մաղթել է խաղաղություն և տոկունություն։
Նշենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում էր ցավակցություն հայտնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների` այդ թվում կանանց և երեխաների նահատակության կապակցությամբ:
Sputnik Արմենիա
