Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան ուղիղ եթեր ունեցավ իր Facebook–ում Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։
Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ, որին ասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, համայնքների ղեկավարները, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները և բնապահպանները։
Փաշինյանի ելույթը տևեց 1 ժամ 23 րոպե, որի ընթացքում վարչապետը բազմիցս հղում արեց իր նախկին ելույթներին և հայտարարություններին այս թեմայով։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առանձնացրել է այս ելույթի գլխավոր թեզիսները։
• Ամուլսարի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է հիմնված լինի փաստերի և ոչ էմոցիաների վրա։
• Անհրաժեշտ է պահպանել Հայաստանի շահերի հավասարակշռությունը, որը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, մասնավորապես, բնապահպանական, տնտեսական և իրավական։
• Ամուլսարի հանքավայրը կշահագործվի Հայաստանի համար աննախադեպ բարձր բնապահպանական չափանիշներով։
• Ընկերությունները, որոնք չեն համապատասխանում տվյալ չափանիշներին, պետք է տասնյակ միլիոններ ծախսեն` դրանց համապատասխանելու համար։
• Կառավարությունը գիտակցում է նմանատիպ քայլերի իրականացման բարդությունը, այդ իսկ պատճառով չի պահանջում դրանց անհապաղ կատարում։
• Կառավարությունը ճնշման չի ենթարկվում Ամուլսարի հանքավայրի հարցով և նմանատիպ փորձերը կասեցնում է։
• Փաշինյանը ժամանակ խնդրեց, որպեսզի կառավարությունը լուծի հարցն առկա եզրակացության հիման վրա։
• «Պետության շահերից է բխում, որ մենք բավարարենք լեգիտիմ կերպով առաջադրված պահանջը և ժողովրդի վստահության քվե ստացած պահանջը, այսինքն, հնարավորություն տանք, որ Ամուլսարի հանքավայրը շահագործվի»։
Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, արդեն կես տարուց ավելի է, ինչ դադարեցված է` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։
Օգոստոսի 15–ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։
Փորձաքննությունն անցկացվել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը Քննչական կոմիտեում 2018 թվականի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Փորձաքննության նպատակն Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է, տեղեկացնում է newsarmenia.am-ը։
