Թրամփը զանգահարել է Պուտինին: Խոսել են ժամից ավելի։ Հիմնական թեման՝ Իրանը։ Կեցցե՛ Թրամփը: Է՛լ ավելի մեծ գովեստի արժանի կլիներ, եթե զանգահարեր նախքան գործողությունն սկսելը, այլ ոչ թե այն ժամանակ, երբ բախվել է խնդիրների, երբ բարդ կացության մեջ է, չգիտի, թե հիմա ինչ անի: «Փաշինյանի համախտանիշ». այսպես կարելի է անվանել այդ ուշացած զանգերը։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ։ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԱՆԻՆ ՄԵԾ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՎԱԾ։ Թրամփը սիրում է թվարկել: Ասում է, թե գործողության սկզբից ի վեր ԱՄՆ-ը խոցել է ավելի քան 5 հազար թիրախ։ Երեք օրը մեկ հայտարարում է, թե ոչնչացրել Է իրանական նավատորմը։ Հետո նորից է «ոչնչացնում»։ Բայց ամեն դեպքում հարվածը շոշափելի է, խոցված են և՛ ռազմական, և՛ քաղաքացիական օբյեկտներ։ Միայն զոհերը հազարից ավելի են:
Բայց եթե հիմա Թրամփն ու Նեթանյահուն որոշեն դադարեցնել ռազմական գրոհները, ապա մեծամասնությունը կհանգի միանշանակ եզրակացության. Իրանը հաղթե՛ց։ Եվ իրավացի կլինի, քանզի Վաշինգտոնն ու Թել Ավիվը չկարողացան ստիպել Թեհրանին պարել իրենց դուդուկի տակ։ Ավելին, իրենց գործողություններով հիմք են տալիս Թեհրանին շարունակել իր քաղաքականությունը՝ արդեն որպես հաղթող…
Բոլորն են դա հասկանում։ Ահավասիկ Ալիևը մի քանի օր առաջ սպառնում էր վրեժ լուծել Թեհրանից, իսկ այսօր հանկարծ ուղեղում ինչ-որ բան չրխկաց, և նա արդեն մարդասիրական օգնություն է ուղարկում Իրան. մոտ 30 տոննա սննդամթերք և մոտ 2 տոննա դեղորայք ու բժշկական պարագաներ։ Փաշինյանը հապաղում է…
Ի՞նչ պիտի անեն Թրամփն ու Նեթանյահուն։ Շարունակե՞ն պատերազմը, որը շատերին արդեն նյարդայնացնում է։ Ներառյալ դաշնակիցներին: Շարունակեն՝ հանուն ի՞նչ նպատակի:
Մակրոն. «Մենք բերում ենք մեզ պատրաստականության վիճակի՝ երկար դիմանալու համար, և ես կարծում եմ, որ ոչինչ չի վկայում այն մասին, թե այս պատերազմը կդադարի մոտ օրերս։ Ուստի այս պատերազմը, կարծում եմ, կշարունակվի, համենայն դեպս՝ այս ինտենսիվ փուլում, մի քանի օր, գուցե մի քանի շաբաթ: Եվ ամեն ինչ կախված է նաև այն պարզաբանումներից, որ կանեն այս կամ այն կողմերը իրենց վերջնական նպատակի և, ըստ էության, այն բանի առնչությամբ, ինչը մենք անվանում ենք ձգտելի վերջնական արդյունք»:
Այսինքն պարզ չէ Մակրոնին, թե որն է այս պատերազմում «ձգտելի վերջնական արդյունքը»։ Եվ ոչ միայն Մակրոնին։ Թեհրանն արդեն ծանր ապտակ է հասցրել ագրեսորներին՝ իր նոր առաջնորդ ընտրելով սպանված Խամենեիի որդուն… Փորձեն սպանել նաև որդո՞ւն։
Անցած տարի Իրանի դեմ պատերազմեցին 12 օր։ Զեկուցեցին հաղթանակի մասին։ Այսօր Թրամփն ասում է, արդարանում իր կոնգրեսականների առջև, թե իբր՝ եթե չհարձակվեինք, Իրանը երկու շաբաթ անց միջուկային ռումբ կստեղծեր, կոչնչացներ Իսրայելը, հետո ամբողջ Մերձավոր Արևելքը, իսկ այնուհետ կհարձակվեր նաև Ամերիկայի վրա… Բայց ախր ասում էիք, թե դեռ անցյալ տարի ռմբակոծել եք բոլոր այն օբյեկտները, որտեղ կարող էր, իբր, նման ռումբ ստեղծվել։
Եվ ի՞նչ, հիմա ամեն տարի պատերազմելո՞ւ եք Իրանի դեմ։ Մոտավորապես այնպես, ինչպես ամեն տարի Իսրայե՞լն է ոչնչացնում «ՀԱՄԱՍ»- ը և «Հըզբոլլահ»-ը, հընթացս էլ՝ հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, իսկ հաջորդ տարի այդ կառույցները նորից վերածնվում են։
Գուցե այնուամենայնիվ արժե՞ փորձել համաձայնության գալ։ Գուցե դա ավելի արդյունավե՞տ լինի, քան ամեն տարի ռմբակոծել Իրանը, իսկ հաջորդ տարի կրկին տրտնջալ, թե քեզ ուզում են ոչնչացնել։
