Թյուր կարծիք կա, թե Նիկոլ Փաշինյանը փոխվել է։ Իբր՝ դավաճանել է իր վաղ հայացքներին ու սկզբունքներին, այն ամենին, որ դավանում էր ընդդիմադիր եղած ժամանակ կամ մինչև 44-օրյա պատերազմը։ Այս թեզը հիմնավորելու համար սոցցանցերն այսօր հեղեղված են հոլովակներով, որտեղ Նիկոլի այսօրվա հայտարարությունները հակասում են այլ՝ ավելի վաղ հնչեցրածներին: Եվ շատերը, բռնելով Նիկոլին հակասությունների մեջ, հռետորական հարց են տալիս. «Ուրեմն ե՞րբ էիր անկեղծ, Նիկոլ»։
Ամենատարածված օրինակը. «Ե՞րբ էր Նիկոլն անկեղծ խոսում համաքաղաքացիների հետ. երբ ազդարարում էր, որ Արցախը Հայաստան է, թե՞ երբ համոզում էր, թե Արցախը Ադրբեջան է»: Իրականում պատասխանը շատ պարզ է. «Երբեք. ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա»:
ԻՐԱԿԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԸ ՉՆՉԻՆ ԻՍԿ ՉԻ ՓՈԽՎԵԼ։ Ընդդիմադիր եղած ժամանակ նա պատրաստ էր ամեն ինչի՝ իշխանություն ստանալու համար։ Իր բոցաշունչ ելույթներով ուղարկում էր մարդկանց բարիկադներ, ուժայինների մահակների ու կրակոցների տակ։ Հիմա էլ պատրաստ է ամեն ինչի, որպեսզի պահի իշխանությունը։ Այս մոտեցմամբ է նա միշտ առաջնորդվել իր հայտարարություններում ու որոշումներում, նախքան 44-օրյա պատերազմը, պատերազմի ժամանակ՝ չցանկանալով դադարեցնել այն, երբ իրեն դա առաջարկվել էր ավելի լավ պայմաններով և շատ ավելի քիչ կորուստներով, պատերազմից հետո։ Նախքան Արցախի էթնիկ զտումը, դրա ընթացքում, դրանից հետո։
Եթե մտապահենք այս պարզ իրողությունը, ապա կտեսնենք, որ Փաշինյանի իրարամերժ հայտարարություններում, ըստ էության, հակասություն չկա… Ավելի ճիշտ՝ այդ հակասությունները կան կողքից դիտողի տեսանկյունից, իսկ Նիկոլի համար ոչ մի հակասություն չկա։ Դրա համար էլ նրա աչքերն այնքա՜ն անկեղծ են, երբ այսօր պնդում երեկվա ասածի հակառակը։ Այո, նրա մոտեցումները փոխվում են, բայց ոչ այն պատճառով, թե «աչքերը բացվել են», այլ որովհետև նախկինում իշխանություն ստանալու կամ այն պահելու համար պետք էր վստահորեն ասել մեկ բան, իսկ այսօր՝ այլ բան։ Ահա, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ողջ հայեցակարգը, նրա ողջ գաղափարախոսությունը։
Այսօր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հանգում է նրան, որ իշխանությունը պահելու գործում իր գլխավոր դաշնակիցները Թուրքիան ու Ադրբեջանն են։ Այդ հարցում նա իրավացի է, իհարկե։ Ելնելով այս ակնհայտ փաստից՝ Անկարայի և Բաքվի թշնամիները նաև Նիկոլ Փաշինյանի թշնամիներն են։ Հենց դրանով էլ նա առաջնորդվում է իր խոսքերում ու արարքներում։ Արցախցիների, Հայ Առաքելական Եկեղեցու, Դաշնակցության հանդեպ։ Սփյուռքի հանդեպ: Նաև Ռուսաստանի, իհարկե։ Ի վերջո, Սամվել Կարապետյանի հանդեպ, որի նկատմամբ Ադրբեջանում հետախուզում է հայտարարված… Ինչե՜ր չես անի հանուն ընկերների։
Այնպես որ Փաշինյանի իրարամերժ հայտարարությունների հիման վրա եզրակացնել, թե նա դավաճանում է ինքն իրեն, մեծ սխալ է։ Նա կարող է դավաճանել ում ասես, ինչին ասես, այդ թվում՝ ողջամտությանը, այդ թվում՝ տրամաբանությանը։ Բայց ինքն իրեն, իր արժեհամակարգին, իր աշխարհայացքին Նիկոլ Փաշինյանը չի դավաճանում երբեք։ Կարիերիզմ՝ բազմապատիկ աստիճանով, գումարած մեծ սեր փողի նկատմամբ. սրանք եղել են, կան և միշտ կլինեն Նիկոլ Փաշինյանի հավատամքը։
Հավելենք, որ բացի ամենայնից՝ Փաշինյանն օժտված է իր նմաններին գտնելու բացառիկ հմտությամբ. նրանց, ովքեր հանուն կարիերայի պատրաստ են ամեն ինչի, բայց նախևառաջ՝ հարմարվելու վարչապետին։
Հազվագյուտ կադր՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Երբեմնի հանրապետական, այսօր տիպիկ «նիկոլական», հանուն կարիերայի պատրաստ ամեն ինչի։ Օրերս նրա շեֆը՝ վարչապետը, հայտարարեց, թե Հայաստանը դարձել է աշխարհի կենտրոնը… Եվ ահա Պապոյանը, շեֆին աջակցելու համար, իր հայտարարելիք հիմարության աստիճանի գիտակցումից ձեռքերի անհասկանալի շարժումներ անելով, հայտարարում է, թե Հայաստանը հասել է բարգավաճման բոլորովին նոր մակարդակի… Որովհետև, պարզվում է, այնտեղ ինչ-որ տեղ, հեռու-հեռվում, բարի Թրամփը Նիկոլ Փաշինյանին նստեցրել է իր կողքին…
Հիշեցնենք, ի դեպ, որ սա այն նույն Պապոյանն է, որն ասում էր, թե Հայաստանի իրական անկախության օր պետք է դարձնել Արցախի էթնիկ զտման սկսվելու օրը։ Հասկանալի է, որ նման արարածը միշտ էլ սիրված կլինի Նիկոլ Փաշինյանի կողմից։
