Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավերլու միջնորդություն է ներկայացվել դատարան, Armenia Today-ին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեի միջնորդությունը դատարանը կքննի այսօր՝ 19։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Միջնորդության քննությունը կիրականացնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին՝ Սուրբ Աննա եկեղեցում պատարագին։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», երբ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ու մյուս պաշտոնյաների հետ փորձում էր դուրս գալ եկեղեցուց՝ պատարագը դեռ չավարտված: Արդյունքում քաշքշոց էր սկսվել։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը։
Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, ավելի ուշ նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Միքայել Մինասյանը և Գևորգյանն ազատ էին արձակվել մարտի 31-ին՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։
