Логотип

Փաշինյանի մասին ի՞նչ մեկնաբանություն էր արել 5 անչափահաս երեխաների մայրը․ ինչու՞ են նրան բերման ենթարկել

Փաստբան Ռոման Երիցյանը նախօրեին հայտել էր, որ 5 անչափահաս երեխաների մորը բերման են ենթարկել՝ սոցիալական ցանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին մեկնաբանություն գրելու համար և տեղափոխել Դիլիջանի քննչական բաժին։

NEWS.am–ի հետ զրույցում փաստաբան Ռոման Երիցյանը նշեց, որ կնոջը բերման են ենթարկել մանկահասակ երեխաների ներկայությամբ։

«Ընդ որում, մանկահասակ երեխաներից մեկը սկսել է լացել և ստիպված են եղել երեխային էլ տանել, և նա գործողությունների ամբողջ ընթացքում գտնվել է մոտակայքում։ Ըստ նախնական տեղեկությունների, քրեական վարույթը նախաձեռնվել է բռնության կոչ հնչեցնելու համար և դրանով է մեղադրանք առաջադրվում։ Կնոջ հեռախոսն են առգրավել, այսօր նույնպես քննչական են կանչել, չի բացառվում, որ գործը տեղափոխվի Նոր Հաճն»,–նշեց փաստաբանը։

Հարցին՝ ի՞նչ գրառման մասին է խոսքը, Ռոման Երիցյանը պատասխանեց․

«Իրանի հոգևոր առաջնորդի սպանության մասին՝ ֆեյսբուքում տեղ գտած տեսանյութերից մեկի տակ մեկնաբանություն է թողել և գրել, որ բազմաթիվ ցավերի միջով է անցել և իր ցավերի մեջ մեղադրում է բացառապես Հայաստանի ներկայիս իշխանության ղեկավարին։ Ու ասել է, որ այդպիսի մի օր էլ, այսպես ասած, քեզ է սպասում»։

Փաստաբանը նշեց, որ բերման ենթարկված կինը Արցախից բռնի տեղահանված է, հինգ անչափահաս երեխաների մայր, զոհված զինծառայողի քույր։

«Երբ հարցը վերաբերում է իրականում գոյություն չունեցող հանցանքների, իշխանության որևէ ներկայացուցչի վիրավորելու կամ թիրախավորելու, իրավապահ համակարգը պատրաստ է կայծակնային արագությամբ արձագանքել, բայց երբ, օրինակ, մարդիկ մտնում և ֆեյսբուքյան իրենց եթերներով հայտարարում են, որ Գորիսի ճանապարհը պետք է փակեին, որպեսզի Արցախի մայր ու մանուկը կոտորվեին այնտեղ ու Հայաստան տեղափոխվելու հնարավորություն չունենային, քննչական կոմիտեն ասում է՝ դա կոշտ, վիրավորական արտահայտություն է, բայց խոսքի ազատություն է»,–նշեց փաստաբան Ռոման Երիցյանը։