Կյանքն Արցախից հետո. «Զանգեզուրի միջանցքի» մասին կոնֆլիկտը՝ նոր գլուխ հայ-ադրբեջանական հակամարտությունում
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Վերադառնանք 2020 թվականի աշուն։ Պատերազմ, պատերազմում կրած ծանրագույն պարտություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը, որն, այնուամենայնիվ, հայկական կողմին թողեց Արցախը, և որն ամրագրում էր տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման փոխադարձ պարտավորությունները։ Սակայն նշված հայտարարության ստորագրումից հետո տեղի ունեցածը դժվար է անվանել համաձայնագրի իրականացում։ Ավելին, ի վերջո՝ Արցախը լիովին կորսվեց։ Ի՞նչ էր սա իրականում։
Եթե մենք հավատում ենք Հայաստանի իշխանությունների ներկայացրած իրադարձությունների վարկածին, որոնք վստահեցնում են, թե տեղի ունեցածը դավաճանություն չէ, թե իրենք թուրքական հետախուզական MIT-ի պլանը չեն իրականացնում, այլ Արցախն ընկավ քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքով, ապա ժամանակն է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։
Երկար ժամանակ մենք ականատես էինք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը սուբյեկտիվ գնահատականներ էին տալիս նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված օբյեկտիվ դրույթներին։ Մասնավորապես, խոսքը հայտարարության 9-րդ կետի մասին է, որտեղ ասվում է. «Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով էլ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժ կազմակերպման նպատակով»։ Նույն կետում նշված է, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Փաշինյանին դուր չէր գալիս «անխոչընդոտ տեղաշարժ» արտահայտությունը, նա նաև կարծում էր, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահները կարող են վերահսկողությունն իրականացնել ոչ թե Հայաստանում գտնվելով, այլ աշխարհի ցանկացած այլ կետից՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ։
Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց նաև «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Օրինակ, 2021 թվականի դեկտեմբերին, երբ ««Զանգեզուրի միջանցքը» ձգեցին մինչև Բրյուսել», ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ եռակողմ հայտարարություններում բացահայտորեն ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է Լաչինի միջանցքի անվտանգությունը, իսկ Հայաստանը պետք է ապահովի նույնքան անարգել մուտք դեպի «Զանգեզուրի միջանցք»։ «Այսօր Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Նույնը պետք է լինի նաև «Զանգեզուրի միջանցքում»», — նշել էր նա։
Փաշինյանը պատասխանեց Ալիևի հայտարարությանը. «Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որևէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար»։
Նույնիսկ այս մեկ դրվագը ապացուցում էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիմնարար սկզբունքների շուրջ Երևանի և Բաքվի միջև համաձայնություն չկա։ Արդյունքը դարձավ Արցախից հրաժարվելը։ Իսկ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում դրան գումարվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Սակայն, ինչպես նոյեմբերի 9-ից հետո, այժմ էլ կողմերի միջև բանակցային օրակարգի հիմնական կետերի շուրջ համաձայնություն չկա։ Փաշինյանն ու Ալիևը տարբեր կերպ են մեկնաբանում ԱՄՆ մայրաքաղաքում ստորագրված թուղթը։
Սեպտեմբերի 27-ին Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից կոչ արեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կենտրոնանալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա և օգտագործել միայն լեգիտիմ տերմիններ, ինչպես նաև առաջարկեց Ալիևին բացատրել, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» արտահայտության տակ։
Իրականում ավելի հավանական է, որ Իլհամ Ալիևը ճիշտ է ասում, և թուրքական հետախուզությունը հենց «միջանցքն է ձևակերպել» TRIPP բանաձևի ներքո։ Բայց եթե Ալիևը ստում է, ապա Նիկոլ Փաշինյանն իր «միջանցքային դիվանագիտությամբ» մեզ հետ է տանում 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո ընկած ժամանակաշրջան, երբ պայմանավորվածությունների տարբեր մեկնաբանումը Երևանի և Բաքվի կողմից հանգեցրեց մեզ համար ազգային ողբերգության։
Ավելին, եթե 2020 թվականից հետո մենք ունեինք միջնորդ, և Փաշինյանն ու Ալիևը ժամանակի մի մասը ծախսեցին բանակցություններից ռուսական միջնորդին «դուրս մղելու» վրա, ապա այժմ մենք մնացել ենք մենակ՝ երկուսի դիմաց (Հայաստանն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի), ինչը վկայում է այն մասին, որ նոր ազգային աղետը կարող է տեղի ունենալ արդեն 2026 թվականի վերջին, եթե Փաշինյանին հաջողվի վերարտադրել իր իշխանությունը Ազգային ժողովի ընտրություններում։
Ի դեպ, խաղաղության մասին, որից Փաշինյանը «բերկրանք և բավարարվածություն է» զգում, ինչի մասին նա խոսեց ՄԱԿ-ի ամբիոնից, Ադրբեջանում «ԱՊՀ խաղերի» բացման կիրակնօրյա արարողության ժամանակ օգտագործեցին «երկաթե բռունցքը» և 44 թիվը, ինչը ուղեկցվում էր «Հաղթանակ թշնամու նկատմամբ» բառերով։
Ալիևը պատրաստվում է պատերազմի նոր ակտի, իսկ Փաշինյանը պատրաստ է իր իշխանության վերարտադրության համար վճարել մի գին, որը գուցե ավելի բարձր լինի, քան 2020 թվականի աշնանային 44 օրերին վճարված գինը։
Մտածե՛ք այդ մասին․․․»։