Ադրբեջանը չի սահմանափակվի միայն Սևանով և Սյունիքով
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«2022 թվականի սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ելույթ ունենալիս, Նիկոլ Փաշինյանը դիմեց Ադրբեջանին և հայտարարեց. «Կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, այն տարածքը, որը պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն»։ Ընդամենը մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը հայտնվեց Պրահայում, որտեղ հանձնեց Արցախը՝ ճանաչելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ համաձայն ալիևյան քարտեզների։ Իսկ արդեն 2025 թվականի նոյեմբերին լայն հանրությանը պետք է հայտնի դառնար, որ Ադրբեջանը ոչ մի քարտեզով չի ճանաչում Հայաստանը։ «XX-րդ դարի սկզբի քարտեզներում Սևանա լիճ գոյություն չունի, կա Գյոյչա լիճը», — այս մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված ժողովում։
Արձագանքելով Ալիևին, Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ին հայտարարեց, որ քաղաքական իմաստով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է, սակայն սոցիալ-հոգեբանական հարթության մեջ այն շարունակվում է։ «Անկախությունից ի վեր մեր հասարակությունները չեն իմացել, թե ինչ է խաղաղությունը։ Հակամարտությունը որոշել է մեր մտածելակերպը, մեր քաղաքականությունը և ժողովուրդների միջև հարաբերությունները», — ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նաև անդրադարձել է ադրբեջանցիների «վերադարձի» մասին հայտարարություններին, որոնց մասին նախօրեին խոսել էր Իլհամ Ալիևը։ «Վաշինգտոնյան գագաթնաժողովից վերադառնալուց հետո ես հայտարարեցի, որ հայերի վերադարձի թեման Լեռնային Ղարաբաղ վնասակար թեմա է, և ընդհանրապես, փախստականների ու ներքին տեղահանված անձանց օրակարգը վտանգավոր եմ համարում, որովհետև դա նշանակում է վերադարձ դեպի հակամարտության նախկին պարամետրերը», — նշեց նա։
Ամփոփելով այս մասը, կարող ենք նշել, որ Փաշինյանը նպատակահարմար չի համարում խոսել հայերի վերադարձի մասին Արցախ, ինչպես նաև կարծում է, որ քաղաքական հարթության մեջ Բաքվի հետ հակամարտությունը սպառված է։ Սակայն սրան ամենևին չի համապատասխանում այն փաստը, որ Ադրբեջանում, նախագահի աշխատակազմի մակարդակով, աջակցում են Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ արտահայտող ծրագրին՝ խոսքը «Արևմտյան Ադրբեջան» նախագծի մասին է։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմից փաստաթղթերի արտահոսքը ցույց է տալիս, որ «Արևմտյան Ադրբեջան» արշավը, որը պաշտոնական Բաքվի կողմից ներկայացվում է որպես մարդասիրական նախաձեռնություն, իրականում մանրակրկիտ ծրագրված պետական ծրագիր է, որն ուղղված է Հայաստանի նկատմամբ հնարավոր տարածքային ոտնձգությունների արդարացմանը։ Այս մասին են գրում OC Media-ի հետաքննության մեջ։
«Արևմտյան Ադրբեջան» տերմինն օգտագործվում է ժամանակակից Հայաստանի տարածքը նշելու համար։ Ադրբեջանի իշխանությունները քարոզարշավը ներկայացնում են որպես 1980-ականների վերջին 1990-ականների սկզբին «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձի» շարժում։ Սակայն, փորձագետների կարծիքով, «վերադարձի» հռետորաբանության հետևում կանգնած է հայկական հողերի՝ Ադրբեջանին պատմականորեն պատկանելու գաղափարը։ Ուշադրություն դարձրեք՝ հետաքննությունն անցկացրել են արևմտյան լրագրողները, և նրանց «ԿԳԲ-ի գործակալներ» պիտակը կպցնելը դժվար կլինի նույնիսկ Փաշինյանի համար։ Նրանց դժվար կլինի հայտարարել, թե տվյալ հոդվածը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է։
Արդյոք OC MEDIA-ի հետաքննության կարիքը կար, որպեսզի անձամբ Փաշինյանն իմանար, որ Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով աջակցում են «Արևմտյան Ադրբեջան» նախագծին։ Իհարկե, ո՛չ։ Փաշինյանը գիտի, որ իր իշխանության պահպանման դեպքում Հայաստանը կունենա բազմաթիվ կորուստներ, հարցը միայն ժամանակի մեջ է։
Փաշինյանը նաև գիտի, թե ընտրվելու դեպքում ինչ գին պետք է վճարի Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների տեսքով։ Այսօր նա հայտարարեց, որ Կենտրոնական Ասիայի երկրներն են «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP ծրագրերի շահառուների առաջնային ցանկում։ Կար մի ամերիկացի պաշտոնյա՝ Ջեյմս Օ’Բրայեն, ով հայտարարում էր, որ ԱՄՆ-ը հավատում է՝ «Միջին միջանցքը» տարածաշրջանի համար շատ կարևոր քայլ է, և Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք իրենց արտադրանքն արտահանում են միջազգային շուկա Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով, կարող են արտահանման համար օգտագործել Կասպից ծովը։
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Ջեյմս Օ’Բրայենը չէր թաքցնում, որ միջանցքը որպես գործիք է անհրաժեշտ ՌԴ-ի և Չինաստանի դեմ։ Այս համատեքստում պատահական չէ, որ Փաշինյանը հնչեցրեց Կենտրոնական Ասիայի երկրների համար շահի մասին իր այսօրվա միտքը։ «Միջին միջանցքի» մաս է կազմում նաև «Զանգեզուրի միջանցքը»։
Ելնելով վերոգրյալից՝ կարելի է վստահաբար ասել, որ եթե Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիրը» կարողանան պահպանել իրենց իշխանությունը նաև 2026 թվականին, ապա ժամանակակից Հայաստանը կդադարի գոյություն ունենալ թե՛ տարածքային, թե՛ գաղափարական և բովանդակային առումով։ Կսկսվի այն «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու գործընթացը։
Մտածե՛ք այդ մասին․.․»։
