ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է։ Նրա ավտոշարասյունն անցել է Կիևյան մայրուղով:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն այսօր առանձնազրույց կունենան։
ՀՀ վարչապետը համապատասխան որոշում է ստորագրել, որում նշվում է, թե ովքեր են նրան ուղեկցում աշխատանքային այցի ընթացքում։
ՀՀ կառավարական պատվիրակության կազմում Փաշինյանն ընդգրկել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Կարեն Գասպարյանին, ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին։,
Վարչապետի ստորագրած որոշման մեջ նշվում է, որ ՀՀ պատվիրակության գործուղման ծախսերը` օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված, կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։
«Այս անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին»,– նշված է որոշման մեջ։
Պատվիրակության կազմում կլինեն նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և փոխնախարար Մնացական Սաֆարյանը, որոնց ծախսերը կապահովվեն ԱԳՆ–ի միջոցների հաշվին։
Ինչ վերաբերում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպմանը, ապա դրա հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի շրջանակում։
Ի դեպ, Փաշինյանի գործուղման ընթացքում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Sputnik Արմենիա
