Логотип

ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԲԱՑԵԼ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴՈՒՌԸ. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

Եթե 2019 թվականին միջնորդների ներկայացված առաջարկներն ընդունվեին, կլիներ խաղաղություն։ Ֆեյբսուքյան էջում նման գրառում է կատարել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակմանը։

«Բոլոր մեր հայտարարությունները հաստատվեցին. եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի և Լաչինի նկատմամբ վերահսկողություն և միջազգային խաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, գումարած հինգը վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ»,– գրել է նա։

Զուրաբյանն իշխանությունների կողմից փաստաթղթերի հրապարակումը հանրության մասնակի հաղթանակն է համարում։ Նա հիշեցրել է, որ պահանջել են, որ հրապարակվի նաև առաջարկին տրված Հայաստանի պաշտոնական պատասխանը, որը չի արվել։ Նա Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ պաշտոնական պատասխանը չհրապարակելու հետ կապված 2 վարկած ունի։

«Առաջինն այն է, որ Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչն էլ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը։ Երկրորդը` պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում. Փաշինյանն ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը` փաստորեն մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը»,– նշել է Լևոն Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Դրանց թվում են 2011 թվականին Կազանում քննարկված փաստաթուղթը, 2019 թվականին ներկայացված միջնորդների առաջարկները։

Sputnik Արմենիա